Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ինչպես նախորդ դատական նիստերը, այս նիստին էլ ներկա չէին տուժողները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը, որոնց բնակարաններում, առանձնատներում 2011թ. սեպտեմբերին կատարվել են ավազակային հարձակումներ «կայուն կազմակերպված խմբի՝ բանդայի կողմից»:
Այսօր դատարանում հետազոտվեցին գործում առկա ապացույցները, դատարան ներկայացած նոր մեղադրողը (նախկինում Երեւան քաղաքի դատախազի տեղակալ)՝ Սասուն Խաչատրյանը միջնորդեց, որպեսզի դատարանի կողմից հետազոտվեն մի շարք ապացույցներ, որոնք նա ներկայացրեց դատարանին՝ ցուցակով:
Կարդացեք նաև
Ի դեպ, այդ ապացույցների մեջ էին հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի դիակի զննության, փորձագիտական մի շարք եզրակացություններ, կապված ամբաստանյալների բնակարաններում խուզարկությունների ժամանակ հայտնաբերված իրերի, ամբաստանյալների ճանաչումների արձանագրությունները:
Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն իր պաշտպանյալի ճանաչման արձանագրությունը հրապարակելուց հետո հանդես եկավ հայտարարությամբ: «Ես՝ որպես անձնավորություն, ձեռից գնում եմ: Ինչպես կարելի է,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ միայն իր պաշտպանյալի ճանաչման արձանագրության մեջ է նկարը գունավոր, մեծադիր, մինչդեռ մյուս ամբաստանյալների նկարներն անգույն են: – Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ կենդանի ճանաչում չի եղել»:
Ի դեպ, վկաներից Հովսեփ Հովնանյանը ճանաչել էր Արտուշ Հակոբյանին այդ նկարով՝ հայտնելով. «Արտուշն էր՝ լիքոտ, նա նստել է իմ ավտոմեքենան, որտեղ Գուրգենը (հանգուցյալ, կասկածյալ Գուրգեն Հայրապետյանը) խոսել է, ասելով՝ մեր Քերոբ ախպերն է, քաղաքում մնացած, որի հետ գործ են բռնում»: Այսօր հետազոտվեցին նաեւ ամբաստանյալների բնակարաններից խուզարկությունների ժամանակ հայտնաբերված հեռախոսների զննության արձանագրությունները: Զննության ենթարկված տասնյակ հեռախոսների մեջ ապացուցողական նշանակության որեւէ նամակ, հաղորդագրություն գոյություն չուներ, բացառությամբ մեկ-երկու նամակների՝ «գնա կայարան», «կապվիր անպայման», «արա, ասում եմ չի վերցրել»:
Գուցե դա էր պատճառը, որ ամբաստանյալ Ա. Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց. «Միայն մամաներով կարելի էր գտնել, թե ումն էր հեռախոսը»: Նա ասաց, որ այդ գործը պետք է լրացուցիչ քննության ուղարկվի եւ շնորհակալություն հայտնեց նոր մեղադրողին, որ հանդես էր եկել նման միջնորդությամբ:
Մեղադրող Սասուն Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ գոյություն ունի ապացույցների սահման եւ այն ապացույցները, որ մտել են դատարան, նախաքննության մարմնի կողմից հիմնավորված են եղել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ