Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռափոխությունից մինչև ցանցային լրատվամիջոցների դեմ ճնշումներ. «կարելի-չի կարելիի» սահմանը

Նոյեմբեր 04,2013 15:48

«Ովքեր դեմ են արգելելուն, ասում են դա խոսքի ազատության սահմանափակում է»,-այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում խոսելով սոցիալական ցանցերում տեղեկատվական հոսքերի և մեկնաբանությունների վերահսկողության խնդիրների մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նկատեց, որ «կարելի-չի կարելիի» սահմանը այս հարցում բավականին նուրբ է: Այնուհետև նշեց. «Բարեբախտաբար կայքեր կան, որ վերահսկում են նյութերը: Կան զտիչներ, որոնցով կարող են վերահսկվել նյութերը: Իրականում ինտերնետը մարդկության էության արտացոլումն է, վեհն ու նսեմն այնտեղ համատեղ են հանդես գալիս»:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը ինտերնետը նմանեցրեց ատոմային էներգիային, որը և  շատ վատ, և շատ լավ գործ կարող է կատարել: Հետո էլ հոգեբանն ասաց. «Երբ մարդը շատ երկար է նստում ինտերնետի առաջ, հիվանդություններ, ֆիզիկական լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Ինտերնետից օգտվելը դեռահաս տարիքից նման է երեխային՝ մութ անտառի սկզբում թողնելուն և գնալուն: Մենք չգիտենք՝ ինչ գազանի կհանդիպի նա այնտեղ: Ինտերնետը խոշորագույն ինֆորմացիա կրող է, բայց դա ոչ միշտ է ճիշտ: Ինտերնետով ծանոթությունների հետևանքով էլ են լուրջ խնդիրներ առաջանում, կարող է լինել թրաֆիքինգի վտանգ, շատ հաճախ սեռն են փոխում և այլն»:

Aravot.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ ՄԻԵԴ-ի այն որոշմանը՝ համաձայն որի՝ կայքը կարող է պատասխանատվություն կրել ընթերցողների մեկնաբանությունների համար: Այս առիթով պարոն Մարտիրոսյանը նշեց. «Փաստորեն, լրատվական դաշտը պարտադրվում է մարդկային ռեսուրսներ ծախսել մեկնաբանությունները վերահսկելու համար: ԵՄ-ն այս հարցը քննեց այն տեսանկյունից՝ արդյոք դա դե՞մ է խոսքի ազատությանը, թե՞ ոչ: Բայց եկավ այն եզրահանգման, որ ոչ: Ակնհայտ է, որ դրանով կարելի է լրատվամիջոցների վրա ճնշում գործադրել»:

Մեդիա փորձագետի հետ զրույցում նշեցինք, թե մտահոգություններ կան, որ արդեն ՀՀ-ում ցանցային լրատվամիջոցներն են վերահսկվում: Նա այս առիթով ասաց. «Ցանցային լրատվադաշտը մեզ մոտ ակնհայտորեն կուսակցականացված է: Կայքեր կան, որ այս կամ այն կուսակցությանն են պատկանում: Բայց ակնհայտ ճնշումներ այն կայքերի վրա, որոնք չեն հանդիսանում իշխանական թևից, չեմ կարծում, թե նման բաներ կան:

ՀՀ-ում մի քանի խնդիր կա այս ոլորտում: Խնդիրներից մեկն այն է, որ մենք օգտվում ենք տարբեր լեզուներով ծառայություններից՝ Facebook, Youtube,  և չունենք լծակներ ու ավելի խոցելի ենք: Մյուս խնդիրը վերահսկողությունն է: Բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն վերահսկել ցանցային մամուլը, գոյություն ունի քաղաքացիական լրագրությունը, որը անվերահսկելի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930