Աղիքային ցուպիկով իշխան ձուկ արտահանելու մասին բողոքներ Ռուսաստանից այլեւս չունենք: Հայկական իշխանն ու ծագումով ռուսական, բայց Հայաստանում աճեցրած թառափն էլ ամենապահանջված ձկնատեսակներից են ռուսական շուկայում: Այսօր «Ելակետ» ակումբում այս մասին ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը: Ըստ նրա, ներկայումս ձկնարտադրության զարգացման հայեցակարգ է մշակվում, որը բարենպաստ պայմաններ է ստեղծելու ձկնարտադրության համար:
Արթուր Աթոյանի խոսքերով, Հայաստանը չունենալով ջրային միջոցներ եւ լինելով լեռնային երկիր՝ կարողանում է զբաղվել ձկնարտադրությամբ եւ ձկնատեսակների արտահանմամբ, չնայած, որ ձկնարտադրողներին անհանգստացնող խնդիրներից է ջրօգտագործման խնդիրը: Մասնագետի խոսքերով, ձկնարտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսությունները շուտով անցնելու են կիսափակ ցիկլով ռեժիմի, այսինքն` օգտագործված ջրի 70 տոկոսը վերադարձնելու են:
Ձուկը թանկացել է, քանի որ ձկան քանակը պակասել է, սակայն պարոն Աթոյանը գտնում է, որ շուտով ձկան պակասություն չենք ունենա:
Ինչ վերաբերում է արտահանման համար Ռուսաստանում նոր շուկաներ գտնելուն, ապա պարոն Աթոյանն ասաց, որ ռուսական կողմի հետ համատեղ աշխատանքներ են տանում, ցուցահանդեսներ կազմակերպում այս կամ այն երկրամասում: Արթուր Աթոյանը վստահեցնում է, որ Հայաստանում աճեցրած ձկնատեսակները մեծ պահանջարկ ունեն, քանի որ կենսաբանորեն ամենամաքուրն են: Իսկ կերով պայմանավորված ձկան գույնը փոխվելու առնչությամբ, մասնագետը վստահեցրեց, որ կարմիր ներկանյութը բնական է եւ այն ոչ թե շինարարության մեջ օգտագործվող ներկ է, այլ ծովի հատակից հանած բնական բույսերից ստացված ներկանյութ, որն էլ ազդում է ձկան գույնի վրա, սակայն միանգամայն անվտանգ է:
Կարդացեք նաև
Արարատյան դաշտում եւ Արմավիրում ապօրինի օգտագործվող խորքային հորերի առնչությամբ էլ, որոնք բնապահպանության նախարարությունը փակելու որոշում է կայացրել եւ հերթով փակում է, պարոն Աթոյանը կարծիք հայտնեց, որ գործընթացը չի վնասի ձկնարտադրությանը եւ որ ձկնարտադրողներին հերթը հասնելուց առաջ, կուսումնասիրվի եւ նոր միայն քայլը կարվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ