ԲՀԿ-ի հետ «սիրավեպից» հետո, երբ ՀԱԿ դաշինքից իրար հետեւից սկսեցին հեռանալ դաշինքի մաս կազմով կուսակցություններն ու քաղաքական գործիչները, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը որեւէ քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ: Այսօր, երբ դաշինքն այլեւս չկա եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունն էլ հայտնի է, թե ինչով ավարտվեց, Արմենակ Դովլաթյանը խոստովանում է, թե ինչու ինքը մնաց:
Մեր հարցին՝ Դուք կիսո՞ւմ էիք ՀԱԿ-ԲՀԿ այդ նոր քաղաքական գիծը՝ նա պատասխանեց. «Չէի կիսում: ՀԱԿ դաշինքը փաստացի չի էլ լուծարվել: Դաշինքը կա, գոյություն ունի, որովհետեւ այն դաշինքը, որով մենք բոլորս մասնակցել ենք ընտրությունների, ԱԺ-ում խմբակցություն ունի: Սոս Գիմիշյանը, որը դեմ էր արտահայտվում այդ գծին, նա չի մասնակցել ՀԱԿ դաշինքի հետ խորհրդարանական ընտրություններին: Այդ պահին կար 3 տեսակի ՀԱԿ: ՀԱԿ, որը ստեղծվեց 2008-ի օգոստոսի 1-ին, հետո ՀԱԿ դաշինքը, որով 10 կուսակցություն մասնակցեցին ընտրություններին: ՀԱԿ-ի մեջ մտնում էր 18 կուսակցություն, բայց ընտրություններին, որպես դաշինք, մասնակցեցին նրանցից 10-ը: Հետո, որ ՀՀՇ-ն անվանափոխվեց ՀԱԿ, արդեն գործեց որպես առանձին կուսակցություն:
2008-ին ստեղծված ՀԱԿ-ը, կարելի է ասել, գոյություն չունի, թեեւ նրա լուծարման մասին մենք որոշում չունենք, որովհետեւ պետք է լինի ընդհանուր որոշում, այդ թվում՝ նաեւ մեր կուսակցության կողմից, որը չի եղել: ՀԱԿ-ը պարզապես փաստացի չի գործում: ԲՀԿ-ի հետ այդ գիծը…գիտեք, իմ համար մեծ խնդիր չկար, թե ում հետ ենք մենք համագործակցում: Ոչ թե անընդունելի չէր, այլ ես դա չէի խրախուսում: Տարբեր տեղերում խոսակցություն եղել է, եւ ես ասել եմ իմ կարծիքը: Արդյունքը ես սպասում էի այնպիսին, ինչպիսին եղավ: Դա ոչ թե ցանկալի չէր, այլ անիմաստ էր: Կարելի էր ՀՀԿ-ի հետ էլ համագործակցել՝ իրենց փոխելու համար: Եթե այսպես շարունակվի, իրենք իրենց են կործանելու, իրենք թող մտածեն: Մենք կարող ենք համագործակցել, օգնել, որ իրենք փոխվեն»:
Մեր հարցին, եթե գիտեիք, գուշակում էիք, թե ինչով է ավարտվելու ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, որ դա անիմաստ էր, ինչո՞ւ այն ժամանակ չընդդիմացաք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ այդ թեմայով ՀԱԿ դաշինքում քննարկում է եղել, եւ Լեւոն Զուրաբյանը մշտապես հիշեցնում է, որ դեմ չեն արտահայտվել: Նա պատասխանեց. «Գիտեք, որոշում եղավ, որ ոչ այն, ոչ այն ուժերի հետ մենք լարվածություն չունենանք: Որովհետեւ մենք համատեղ իրար հետ ահագին պրոցես ենք անցել, որոշում եղավ, որ մենք փաստացի ոչ էս, ոչ էն կողմի հետ կոնֆլիկտի չենք գնում եւ չենք խառնվում: Թող ամեն մեկն իր որոշումն ընդունի նման իրավիճակում: Այսինքն, մենք որոշակի չեզոք դիրք էինք գրավել այդ պահին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ