Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Ավանեսյանը չկարողացավ պատասխանել Խաչատուր Քոքոբելյանի հարցին

Նոյեմբեր 04,2013 15:00

«Թեև կառավարությունը բարձր տեխնոլոգիաները գերակա ուղղություն է հայտարարել, սակայն այս ուղղության զարգացման համար քայլեր չի առաջարկում»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկում արեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Պատգամավորը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին խնդրեց ասել, թե ոլորտի զարգացման համար կոնկրետ ինչ արտոնություններ են սահմանված։ Իր խոսքում նա քանիցս նախարարին հորդորեց հստակ նշել գոնե մեկ ոլորտը:

Նախարարն ասաց, որ ինքը չի կարող ասել, թե գալ տարվա պետական բյուջեի շրջանակներում ինչ է նախատեսված անել, բայց ընդգծեց, թե իրենք տվյալ ոլորտում արտոնություններ չունեն. «Եթե վերցնենք ծրագրավորման մասը, առաջարկությունների մասը, ապա ակնհայտ է, որ այստեղ շատ անելիքներ ունենք, բայց նախաձեռնությունը կառավարությունը չի ներկայացնում ԱԺ-ում»:

Նախարարը նաեւ խոսեց առանձին ձեռնարկությունների ու լավ մասնագետների մասին, որոնք ունենք Հայաստանում, ասաց, որ բազմաթիվ սեմինարներ են նախատեսվում անցկացնել:

Նախարարի պատասխանից հետո Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց`այսինքն, կարող ենք հիմա եւ միասին արձանագրել, որ կառավարությունը կոնկրետ քայլ այս ուղղությամբ չի անում. «Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում որևէ կոնկրետ քայլ չեք առաջարկում, որպեսզի խթանենք դրա զարգացումը, բայց բոլոր բարձր ատյաններից հայտարարում ենք, որ դա գերակա ուղղություն է»:

Վահրամ Ավանեսյանը հստակեցրեց, թե Էկոնոմիկայի նախարարությունը շահագրգռված է, որպեսզի ունենա գերակա ուղղություն այս ոլորտում, և ընդգծեց, թե ամբողջ խնդիրն այն է, որ իրենք պետք է հավասարակշռված նայեն ոչ միայն այս, այլ նաև մյուս ոլորտներին։ «Այսինքն,  ցանկացած արտոնությունների պայմաններում պետք է խնդիրը քննարկել, թե արտոնությունների պայմաններում կունենա՞նք արդյոք»,- ասաց նախարարը`հավելելով, որ խնդիրը միայն հարկայինը դաշտը չէ. ոչ պակաս կարևոր է կադրերի խնդիրը, ինչի ուղղությամբ էլ կառավարության հիմնական աշխատանքը տարվում է։

Ավելի ուշ, պատասխանելով մանր ու միջին բիզնեսի ոլորտում հարկային արտոնություններին վերաբերվող հարցին, ՊԵԿ ներկայացուցիչ Արմեն Ալավերդյանն անուղղակի անդրադարձավ նաեւ Քոքոբելյանի հարցին`ասելով. «Թող բոլորը հավասար իրավիճակում լինեն, եկեք ուրիշ գործոն մենք օգտագործենք: Ինչի,՞ որ հարկային արտոնություն ենք տալիս, էդ ոլորտը հենց նենց բան ա հա՞ լինում…»: Նա ասաց, որ այսօր ունենք բազմաթիվ ոլորտներ, որոնք այսօր բացարձակ հարկային արտոնության տակ են, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ոլորտներն այսօր ծաղկում ու բարգավաճում են: Արմեն Ալավերդյանը որեւէ ոլորտի զարգացումը չի պայմանավորում հարկային արտոնություններով:

«Մենք խաբվեցինք, որ արտոնություն տվեցինք ՓՄՁ-ին»,- հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ արտոնությունը բերեց նրան, որ Հայաստանն աշխարհում ամենաբարձր ՓՄՁ շեմն ունի: «Եթե մենք բարձր շեմ ենք սահմանում, հանգիստ միջինն ու խոշորն էլ են մտնում դրա տակ: Հիմա էլ հանգիստ գալիս ու մտնում են դրա տակ: Սա մեզ մտահոգում է, ընդհանրապես արտոնությունները պետք է վերանայվեն, արտոնություններն անհավասար վիճակ են ստեղծում»,- ասաց նա:

Արմեն Ալավերդյանը նշեց, որ կարող է օրինակներ բերել, որ հարկային արտոնություններից օգտվող ոլորտներն ամենևին էլ չեն «ծաղկում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930