«Տրանսպորտի սակագնի հետ կապված խնդիրը բարձրացվեց Երեւանի ավագանու նիստում: Մենք նշել ենք, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու համար օրենքով նախատեսված չորս օբյեկտիվ պատճառները չկան»,- այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ նամակ է պատրաստում ուղղված տնտեսական մրցակցության հանձնաժողովին, որով պատրաստվում է պահանջել՝ վարույթ ընդունել եւ քննարկել 48 եւ 49 գծատերերին գծերից զրկելու հարցով. «Կարծում եմ նրանք հանցավոր համաձայնության են եկել: Նրանց ներկայացրած հայտերի հիման վրա չէր կարող տրանսպորտի գին բարձրացվեր, ես կարծում եմ սրա համար նրանք պետք է պատասխան տան»:
Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ նաեւ Սայաթ-Նովա 10 հասցեում իրականացվող շինարարությանը, որի առնչությամբ բնակիչները սկսել են իրենց բողոքները, քանի որ այն ապօրինի է:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի`այնտեղ պատրաստվում են բազմաֆունկցիոնալ շենք կառուցել, կաթսայատուն եւ այդ ամենը գնված ավտոտնակի եւ ճանապարհի հաշվին, որից մեծ մասը վաճառվել է այդ շինարարությունը իրականացնողներին:
Կարդացեք նաև
«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքապետարանին՝ դադարեցնել ապօրինի եւ կասկածելի շինությունների բազմացումը: Սայաթ-Նովա 10 հասցեում լարված իրավիճակ է, քաշքշում են իրար, մարդիկ խառնված են: Ես կոչ եմ անում կառուցապատողին՝ ձեռնպահ մնալ այնտեղ ապօրինի շինարարություն անելուց»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ