Այսօր «Զարկերակ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու «Բարև Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը խոսեց առատագին քաղաքական մարտահրավերների մասին:
Ստեփան Սաֆարյանի խոսքով`առաջիկայում Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության համաժողովին արդեն բացառված է, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, բայց այստեղից հարց է ծագում, թե ինչ է անելու Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում: «Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ գործընթացների թեժացումը վտանգավոր իրավիճակ ստեղծեց Հայաստանի շուրջ: Անորոշ իրավիճակ ստեղծվեց Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերություններում, ինչպես նաեւ հայ-ռուսականում: Սեպտեմբերի երեքի հայտարարությունը եւ դրա շարունակությունը կարեւոր էին այնքանով, որ ուժերի բալանսում փոփոխություններն էականորեն ազդելու էր Հայաստանի անվտանգության վրա: Եվ պատահական չէ, որ տեղի ունեցավ լարվածություն շփման գծում` Տավուշի մարզում: Չգիտեմ թե ինչպես են պատրաստվում լավացնել մեր հարաբերությունները Երեւանի համար կարեւոր մայրաքաղաքի հետ, բայց հակառակ դեպքում պատերազմի հավանականությունը մեծանում է»,- նշեց Ստեփան Սաֆարյանը, շարունակելով, թե Հայաստանն առայժմ փորձում է փնտրել Եվրոմիության հետ հարաբերություններ շարունակելու ձեւեր: Բայց դա շատ մեծ բան Հայաստանին չի կարող տալ: Նա վստահ է, որ Հայաստանը պետք է ձեւեր գտնի իշխանությունների կայացրած`Մաքսային միության խայտառակ որոշումից հրաժարվելու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև