«Ունենք օրվա քաղաքական իշխանություն, որը ցանկացած պահի կարող է ցանկացած անակնկալ մատուցել հասարակությանը և չկա մի հնարավորություն, որ հասարակությունը իշխանության ոչ ադեկվատ քաղաքական որոշման համար հասարակությունը նրան պատասխանատվության ենթարկի»,- այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:
Նա որպես օրինակ մատնանշեց սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը և կարծիք հայտնեց, թե հնարավոր չէ հավատալ, որ նախագահ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ է որոշումը կայացրել: Այնուհետև նշեց. «Նախագահները հանդիպումների ժամանակ չեն զբաղվում տեքստ գրելով: Դա աննախադեպ երևույթ է, որ մարդը գնա այլ նախագահի հետ հանդիպման և այցից հետո ասուլիսի ժամանակ ընթերցի հայտարարության տեքստը: Այս անսպասելի շրջադարձը պատճառաբանելով անվտանգության խնդիրների լուծմամբ՝ համարում եմ անլուրջ և անհեթեթ բացատրություն: Ոչ մի սպառազինությունով չեն լուծվում երկրի անվտանգության հարցերը: Եթե նպաստները կտրում ես, եթե երկրիցդ զանգվածային արտագաղթ է նկատվում, բա պետք է անվտանգության խնդիր առաջանար: Ռոբերտ Քոչարյանից ժառանգելով իշխանությունը Սերժ Սարգսյանը` սկզբունքային ոչ մի բան չփոխեց այս երկրում»: Մանուկ Սուքիասյանը նշեց, թե «այս ամենը նմանվում է առաջին հանրապետության կորստի ժամանակաշրջանին»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հիմա է՞լ կա անկախության կորստի վտանգ: Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. «Ձևի առումով անկախության կորուստ չի լինի, քանի որ ժամանակակից աշխարհն էլ է այլ, ՌԴ-ն էլ դրա ցանկությունը չունի: Բայց անկախության կորուստ կլինի բովանդակության առումով, երբ կորցնում ես քո ինքնիշխան որոշումներ կայացնելու կապիտալը և մարդկային ռեսուրսը»:
Մանուկ Սուքիասյանը բացասաբար գնահատեց իշխանությունների կատարած քայլերը ու նկատեց. «Մեր իշխանության հիմնական նպատակը եղել է վերարտադրվելը: Հիմա էլ սկսել է իրավահաջորդի որոնման ներքին պրոցեդուրան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ