Մարդիկ, ովքեր քայլում են փողոցներով, երթեւեկում են տրանսպորտով, նստում են սրճարաններում, հավաքվում են ծնունդների եւ կնունքների՝ բավականին տարբերվում են այն մարդկանցից, ովքեր ստատուսներ եւ մեկնաբանություններ են գրում սոցիալական ցանցերում եւ կայքերում: Վերջիններիս մոտ ագրեսիան եւ դժգոհությունը կյանքից շատ ավելի բարձր մակարդակի է: Օրինակ, եթե գրես՝ «այս կիրակի հրաշալի արեւոտ օր էր», նրանք, ամենայն հավանականությամբ, կմեկնաբանեն. «Ինչպե՞ս թե արեւոտ էր: Բա Լֆիկը, Սաշիկը, Նեմեցը, Օֆշորի Տիկոն եւ Բենթլի Սամո՞ն: Ինչպե՞ս կարող է նրանց օրոք արեւոտ օր լինել»: (Քաղաքական դրսեւորումը բերում եմ որպես առավել ցայտուն օրինակ՝ ագրեսիայի ոլորտները կարող են տարբեր լինել):
Իրական կյանքում մարդիկ, իհարկե, նույնպես, որպես կանոն, դժգոհ են ու ոչ մի համակրանք չունեն վերը թվարկած «պերսոնաժների» նկատմամբ, բայց մտասեւեռված չեն այդ խնդիրների վրա, առավոտվանից գիշեր դրանց մասին չեն խոսում. մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով՝ աշխատանքով, ընտանիքով, ընկերներով: Նրանց մեջ կան տարբեր կուսակցությունների անդամներ կամ համակիրներ, երբեմն՝ չափազանց ընդդիմադիր: Բայց նույնիսկ ծայրահեղ ընդդիմադիրն իրական կյանքում այնքան ագրեսիվ չէ, որքան վիրտուալ տարածքում:
Հասկանալի է, որ «վիրտուալ մարդկանց» մի մասը, գուցե՝ կեսը, Հայաստանում չի ապրում, եւ այդպիսիների մեջ մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր խորհրդային կամ անկախ Հայաստանից են գնացել: Այդ դեպքում ագրեսիան եւ մտասեւեռվածությունը բացատրելի է. նախ նրանք առաջնորդվում են միայն վիրտուալ տարածքի մեջ շրջանառվող տեղեկատվությամբ, երկրորդ՝ նրանց պետք են տեղեկություններ եւ կարծիքներ, որոնք հաստատում են, որ իրենք միանգամայն ճիշտ են վարվել՝ լքելով Հայրենիքը: Եվ քանի որ նման փաստերն իսկապես շատ են, նրանք մի բան էլ ճոխացնում են դրանք՝ գրելով. «Ըհը~, տեսա՞ք, թե ինչ եղավ, բա որ ասում ենք, որ դուք պետություն չեք, ձեր երկիրը երկիր չի, դուք ապրում եք մղձավանջի մեջ, եւ մենք հետ չենք գա, մինչեւ որ «սրանք» չգնան»: Սովորաբար այդպես են ասում նրանք, ովքեր որեւէ մտադրություն չունեն վերադառնալու՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին կանգնած: Բայց, անշուշտ, նման կեցվածքը «դուխ է տալիս» մեր հայրենակիցներին:
Բայց նաեւ «իրական» մարդիկ նույնպես համացանցում ավելի ագրեսիվ են, քան սովորական կյանքում: Այստեղ գործում է, հավանաբար, ընդհանուր հոգեբանական մեխանիզմը. երբ դու նստած ես համակարգչի առաջ, դու շատ ավելի ապահով ես, քան այն դեպքում, երբ նայում ես մարդու աչքերին: Նախ՝ դու կարող ես կեղծանունով ներկայանալ, երկրորդ՝ եթե նույնիսկ քո անունով ես ներկայանում, միեւնույն է՝ քիչ է հավանականությունը, որ նա, ում դու, ենթադրենք, վիրտուալ տարածքում վիրավորել ես, քեզնից հաշիվ կպահանջի: Ընդհանուր ագրեսիվ մթնոլորտում նույնիսկ նրանք, ովքեր ոչ մեկին վիրավորելու մտադրություն չունեն, միջավայրի ազդեցության տակ սկսում են ընտրել ավելի «սուր», ավելի «խարազանող» ձեւակերպումներ:
«Դեղատոմսերը» երկուսն են:
1/ Վիրտուալ շփումներում օգտագործեք հնարավորինս «էկոլոգիապես մաքուր» տեխնոլոգիաներ (տեղի սղության պատճառով մարդկային շփումների էկոլոգիայի մասին ավելի մանրամասն կգրեմ մեկ ուրիշ անգամ):
2/ Ավելի շատ շփվեք իրական, միս ու արյուն ունեցող մարդկանց հետ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ www.juiceinc.com-ից
Շատ դիպուկ էր:
Իմ կարծիքով դա թերարժեքության բարդոույթի մի դրսևորում է` իրական կյանքում չունեցածի կամ չկարողացածի վիրտուալ լրացման փորձ: Ժողովրդական լեզվով ասած` իրենց դնում են իրենց երազած կերպարի տեղը…
Դրան շատ նպաստում է համացանցում “ինկոգնիտո” լինելու դյուրինությունը: Միգուցե արժե՞ մտածել, ասենք հենց Առավոտի էջերում` հնարավորինս “դիմակազերծված” կարծիք արտահայտողներ ունենալու մասին:
Մի որոշ ժամանակ, երբ Գերմանիայում էի սովորում, մեր երկրում կատարվող ամեն ինչի վերաբերյալ տեղեկանում էի ինտերնետից: Ընտանիքիս և ընկերներիս հետ հիմնականում շփվում էի միայն անձնական թեմաների, այլ ոչ սոցիալ-տնտեսական վիճակի շուրջ: Մոտ մեկ տարի անց ինձ մոտ Հայաստանի վերաբերյալ ձևավորվեց ամենամռայլ պատկերը: Երևի օր չկար, որ չմտածեի ղարաբաղյան հնարավոր սկսվող հակամարտության ու ընտանիքիս անդամների անվտանգության մասին, որ երկրում համատարած աղքատություն է և ամեն ինչ միայն դեպի վատն է փոխվում:
Խոսքս հղում եմ լրատվամիջոցներին. փորձեք ավելի ռեալ ներկայացնել երկրում տիրող իրավիճակը: Ծայրահեղության հասնող Ձեր գրառումները Հայաստանից դուրս բնակվողների մոտ տագնապ են առաջացնում: Նրանց ավելի մի հիասթափեցրեք:
Հ.Գ. Փառք Աստծո, Հայաստան իմ վերադարձից հետո համոզվեցի, որ ամեն ինչ միայն դեպի վատը չի փոխվել և իմ վախը փոքր ինչ չափազանցված էր:
Միանում եմ Ձեր կոչին: