Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության ոլորտում պետական միջոցներն այլեւս չե՞ն փոշիացվի

Նոյեմբեր 04,2013 11:51

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ փարատելով պատգամավորների անհանգստություններն՝ ասաց, որ շինարարության ոլորտի անկումը պայմանավորված է միջազգային վարկերի ծավալների նվազմամբ:

Մինչդեռ, ըստ նախարարի, շինարարության ոլորտը ոտքի կանգնեցնելու համար փող է պետք. «Ժամանակավրեպ է այսօրվա վիճակում գնահատական տալ՝ շինարարությամբ պայմանավորված տնտեսական անկում կա՞, թե՞ չէ: Այո, շինարարության ոլորտում ունենալու ենք անկում, բայց դա կլինի 4.5 թե 2 տոկոս, դա տարեվերջին կասենք»:

Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց նաեւ, որ վարչապետի հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջարկությունների մշակմամբ է զբաղվում: Առաջնահերթությունը տրվելու է սոցիալական բնակարանների կառուցման ու շինարարական ընկերություններին երկարատև վարկերի տրամադրման ծրագրերին:

Պատասխանելով աղետի գոտու բնակարանաշինությանը վերաբերվող հարցին՝ Սամվել Թադևոսյանն ասաց, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 5500 ընտանիքներն արդեն իսկ ապահովված են բնակարաններով: Մինչև հաջորդ տարվա վերջ կլուծվի լրացուցիչ 1000 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը:

Հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտին հատկացնել 10 մլրդ 750 մլն դրամ: Նախարարն ասաց, որ ոլորտում նոր ռազմավարություն են մշակել, որն իրականացվելու է հաջորդ տարի: Դա, նրա հավաստմամբ, հնարավորություն կտա բացառել բյուջետային միջոցների փոշիացումը:

Հաշվի առնելով Հայաստանում առկա սեյսմիկ վտանգները, ըստ նախարարի, առաջնահերթ որոշվել է վերանորոգման կարիք ունեցող շինություններում նախ ամրացման աշխատանքներ իրականացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930