«Իմ մանկության երազանքը չի, որ նմանվենք վրացուն, թող վրացին նմանվի մեզ: Սպանեցիք էլի՝ Վրաստան-Վրաստան»,-այսօր խորհրդարանում քաղաքաշինության ոլորտի 2014 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նյարդերը չդիմացան:
Պատճառն այն էր, որ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բերեց հարևան Վրաստանում իրականացվող շինարարության օրինակը: Մինչ այդ, պատգամավորն անդրադարձավ Երևանի կառուցապատման հարցին: Դա ակնհայտորեն դուր չեկավ Կամո Արեյանին:
Միքայել Մելքումյանը նշեց, որ Երևանում այսօր առանց նորմերի համատարած շինարարություն է իրականացվում: Նա քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը:
Նախարարը նշեց, որ Հայաստանում այսօր դեռևս գործում են 1984 թվականին հաստատված ռուսական նորմատիվները: Նա տեղեկացրեց, որ այս տարվանից արդեն իսկ ձեռնամուխ են եղել առաջնահերթ ութ հիմնական նորմերի մշակմանը: «Պետք է ուղղորդվել դեպի ռուսական նորմատիվները, որոնք աստիճանաբար դեպի եվրոպական նորմեր են ուղղորդվում»,- ասաց Սամվել Թադևոսյանը:
Կարդացեք նաև
Կամո Արեյանը միջամտեց խոսակցությանն ու ասաց, որ ինքը համամիտ չէ, թե Երևանում առանց շինարարական նորմերը հաշվի առնելու շինարարություն է իրականացվում: Պետք չէ նման հայտարարություններ անել`վրդովվեց փոխքաղաքապետը: Իսկ Վրաստանի օրինակն արդեն նրան հունից հանեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ