Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:
Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։
Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին և գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձև, դեղաչափ, թողարկման ձև, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության և արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որևէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել ևս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երևույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։
Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների և զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) և բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երևույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»: Ասվածը հաստատում է Վրաստանի փորձը, որտեղ «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման և պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները և կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ:
Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաև պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ և ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաև դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել ևս 12 անորակ դեղի ներմուծումը հանրապետություն:
Դեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետևանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաև դեղատնային գործունեության նկատմամբ:
Տեղեկացնում ենք նաև, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժվարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաև պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում և ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:
Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաև այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ:
Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության