Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Բորուսիա» տեղափոխվելով դարձել է այդ ակումբի առանցքային խաղացողներից մեկը, գերմանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Դորտմունդ տեղափոխվելու հարցում փողը վճռորոշ դեր չի խաղացել:
«Ես կարիերաս շարունակելու շատ առաջարկներ ունեի: Սակայն ընտրեցի «Բորուսիան», որովհետեւ այս թիմի խաղաոճն ինձ դուր է գալիս: «Շախտյորի» կազմում «Բորուսիայի» դեմ խաղալուց հետո ես դիտել եմ իմ ներկայիս թիմի բոլոր խաղերը: «Բորուսիան» ոչ միայն հիանալի խաղ է ցույց տալիս, այլեւ լիովին համապատասխանում է ինձ: Ինչ վերաբերում է փողին, դա ֆուտբոլում էական չէ: Ես ապրում եմ այս խաղով, զգում այն: Եվ եթե լավ խաղամ, բոլոր դեպքերում ֆինանսական խնդիրներ չեն լինի: Ես «Բորուսիա» տեղափոխվել եմ խաղալու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու», – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ