«Այժմ այնքան դյուրին է պատերազմ սկսել, բավական է միայն ինքնաթիռ պայթեցնել, և մենք բոլորս կարող ենք վերանալ: Բայց երեխայի տեսիլքը արվեստի և ստեղծարարության միջոցով կարող է մեզ հասկացնել, որ նրանք տենչում են խաղաղությանը: Հայ երեխաները, ովքեր խաղաղության մասին նկարներ են նկարել, ասում են մեզ՝ չափահասներիս, որ իրենք խաղաղություն են ցանկանում և տալիս են այդ խաղաղության պատկերները, երկար ժամանակ կպահանջվի խաղաղություն հաստատելու համար, բայց պատերազմ սկսելու համար պահանջում է 1 ռումբ»,- նոյեմբերի 3-ին «Խաղաղության օր» խորագրով «Հարավաֆրիկյան հանրապետության օր» ցուցահանդեսի և «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» կատալոգի շնորհանդեսին հայտարարեց հարավաֆրիկացի թատերագետ, ռեժիսոր Բենջամին Ֆրենսիսը:
Բենջամին Ֆրենսիսի խոսքով՝ ամբողջ աշխարհի երեխաների խաղաղության պատկերացումը նույնն է, բոլորն ունեն նույն պահանջները, բոլորը պահանջում են խաղաղություն: Ցուցահանդեսի ընթացքում Բենջամին Ֆրենսիսին շրջապատել էին իր հետ նկարվելու ցանկություն ունեցող երեխաները:
Aravot.am-ի հետ զրույցում Բենջամին Ֆրենսիսը նշեց, որ սիրում է աշխատել երիտասարդների հետ, քանի որ նրանք թարմ և ստեղծարար են: Նա իր ուրախությունը հայտնեց, քանի որ չնայած Հայաստանի և Հյուսիսային Աֆրիկայի հեռավորությանը, Երևանում նման միջոցառում է կազմակերպված.
-Կարծում եմ՝ երիտասարդները շատ ջանասեր են, շատ ստեղծարար են: Նրանք իրենց հետազոտություններն են կատարել և կազմակերպել են այս միջոցառումը՝ իմ ժողովրդին հասկանալու համար: Ես այնքան ոգևորված եմ նրանից՝ ինչ տեսնում եմ: Կարծում եմ հայ երեխաները տվել են ինձ նոր նպատակ՝ հասկանալ երիտասարդներին:
Aravot.am-ի հարցին, թե հնարավոր է արդյո՞ք Հյուսիսային Աֆրիկայում անցկացվեն «Հայաստանի օրեր», Բենջամին Ֆրենսիսը պատասխանեց, որ իրենք ունեն նման ծրագրեր.
-Հաջորդ տարի կինոփառատոն ունենք, և հայկական Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի և մեր փառատոնի համագործակցության մաս է կազմում հնարավորությունը անցկացնել «Հայաստանի օրեր»: Մեծ հաճույքով «Հայաստանի օրերը» մեր մնացած միջոցառումներից առաջ կանեմ, որովհետև, կարծում եմ, դա մեծ նախաձեռնություն է, որը երիտասարդներին հնարավորություն կտա խոսելու իրենց տեսակետների, իրենց՝ աշխարհի ապագայի ցանկությունների մասին:
Միջոցառման սկզբում պարոն Ֆրենսիսը նշել էր, որ իրեն զգում է ինչպես Շառլ Ազնավուրը՝ Հայաստան վերադառնալիս, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է իրեն զգում այդպիսի ջերմ ընդունելությունից հետո.
-Ես իններորդ երկնքում եմ և ինձ գերաստղ եմ զգում: Այլևս ինձ չեմ զգում ինչպես Շառլ Ազնավուրը, այլ ավելի շատ՝ Աստծո ձեռքերում. ասես՝ Աստվածն է ինձ ուղարկել հայ երիտասարդների հետ գնալու: Դուք աշխարհին տալու շատ բաներ ունեք: Այսօր հայերն ինձ ամաչեցրին, նամանավանդ՝ երեխաները:
Aravot.am-ը հետաքրքրվեց նաև՝ արդյոք Բենջամին Ֆրենսիսին բավարարո՞ւմ է միջոցառման արդյունքը.
– Ես ավելի քան բավարարված եմ: Ամիսներ առաջ, երբ սկսվել էին հարավաֆրիկյան օրերի մասին խասակցություններ, չէի պատկերացնի, որ այս աստիճանի կհասնի և հայ երիտասարդները այսպիսի ռեակցիա կտան: Ես կուզեմ տեսնել, որ աշխարհը երիտասարդներն են կառավարում: Երիտասարդների ռեակցիան հրաշալի է: Այսօր այստեղ իմ կյանքի լավագույն փորձն է՝ փորձում եմ հասկանալ երիտասարդների պատկերացումները. Նրանք տեսնում են՝ ինչ ուզում են, հուսով եմ, մենք՝ չափահասներս նույնպես կտեսնենք, թե ի՞նչ են ուզում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ