Նոյեմբերի 3-ին «Երկրի օր» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Խաղաղության օր» խորագրով «Հարավաֆրիկյան հանրապետության օր» ցուցահանդեսը և «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» կատալոգի շնորհանդեսը:
«Ռոլան Բիկովի» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը հիշեցրեց ներկաներին, որ 2 տարի առաջ կազմակերպվել է ցուցահանդես՝ «Ճապոնիայի օրը», և այսօր իրենք ներկայացնում են այդ ցուցահանդեսի կատալոգը. «Երբ որ Ճապոնիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որոշեցինք այդ օրը նվիրել Ճապոնիային: Հրաշալի ցուցահանդես էր, արտասովոր ցուցահանդես էր: Եվ հիմա՝ երկու տարի անց, մենք ներկայացնում ենք նրա կատալոգը»:
Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան տեղեկատվական բաժնի ղեկավար, նախարար-խորհրդական Կոտարո Օցուկին ցավով նշեց, որ «Ճապոնիայի օրը» ցուցահանդեսի ժամանակ չի աշխատել Հայաստանում, բայց լսել է, որ այն հաջողվել է. «Հայ երեխաները իրենց աշխատանքներում իրենց փոքր սրտերում տեղավորել են մեծ սեր դեպի իմ երկիր Ճապոնիան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ միջոցառումը կբերի Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը, վստահությանը և համագործակցությանը»: Միջոցառման ընթացքում Կոտարո Օցուկին փոխանցեց էստաֆետան Հարավ Աֆրիկայի ներկայացուցիչ, թատերագետ, ռեժիսոր Բենջամին Ֆրենսիսին:
Բենջամին Ֆրենսիսը ներկաներին խոստովանեց, որ մարդկանց մեծ բազմություն տեսնելով, իրեն զգում է ինչպես Շառլ Անզնավուրը՝ Հայաստան վերադառնալիս: Նա նաև համեմատեց Նելսոն Մանդելային և Գրիգոր Լուսավորիչին.
Կարդացեք նաև
«4-5 տարի առաջ, երբ այստեղ էի, գնացի Գառնիի տաճարը և տեսա այն զնդանը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն է եղել: Դա ինձ հիշեցրեց Նելսոն Մանդելայի կյանքի մասին: Մեր երկրներում, բացի ցավից, ևս մեկ ընդհանրություն կա՝ խաղաղությունը»:
Բենջամին Ֆրենսիսը խոստացավ ներկաներին, որ հարավաֆրիկացի երեխաները նույնպես կնկարեն խաղաղության իրենց պատկերացումը:
«Երկրի օրը» նախագիծը տեղի է ունենում Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակներում: «Հարավաֆրիկյան հանրապետության օր» ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեցին Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների և Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծագործող երեխաների աշխատանքները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ