«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում ավարտվեց ջրագնդակի Հայաստանի պատանիների առաջնությունը:
Պայքարի մեջ մնացած յոթ թիմերի մրցակցությունում հաղթեց Երեւանի «Վիկտորիան»: Մրցանակային հաջորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին նույնպես մայրաքաղաքը ներկայացնող «Սպիտակը» եւ «Արմադան»: Aravot.am-ի հարցին, թե ինչն էր պատճառը, որ առաջնության բացման եւ պարգեւատրման արարողություններին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ոչ ոք չմասնակցեց, առաջնության կազմակերպիչ, Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը պատասխանեց. «Կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Առաջնության մեկնարկից առաջ անձամբ ես պաշտոնական գրություն եմ տարել նախարարություն, որով անձամբ նախարարին ու աշխատակազմին հրավիրել եմ ներկա լինել մրցմանը: Սակայն առաջնության ամբողջ ընթացքում անձամբ ես պետական կառույցից ոչ մեկին չտեսա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ