Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինը սպորտով զբաղվի՞, թե՞ ոչ

Նոյեմբեր 03,2013 14:12

 

Մեզանում ժամանակ առ ժամանակ խոսվում է, թե սպորտը կնոջ համար չէ, որ սպորտով, մասնավորապես, ֆուտբոլով զբաղվելը հայկական մենթալիտետին չի համապատասխանում:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Սպորտային բժշկության եւ հակադոպինգային կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Թորոյանը միանգամայն հակառակ համոզման է: Նա Aravot.am-ին ներկայացրեց իր տեսակետները եւ հիմնավորումները:

 

Ըստ նրա, ժամանակակից սպորտում կանայք շատ մեծ դեր են կատարում եւ կանանց սպորտն ավելի արագ է զարգանում, քան տղամարդկանցը: Բազմաթիվ գիտական համալիր հետազոտություններ կան, որոնք բոլոր հարցերը դրել են իրենց տեղերը: Դրանք ցույց են տվել, որ արագաուժային վարժություններում կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ նրանց մարմինը համեմատաբար փոքր է՝ մկանային համակարգը 24%-ով զիջում է տղամարդուն: Սակայն երբ համեմատվում են հավասար մկանաչափ ունեցող կինն ու տղամարդը, կինն ավելի ուժեղ է: Այս գիտական ուսումնասիրությունները հիմք հանդիսացան, որ զարգանան շատ մարզաձեւեր եւ այդ զարգացումը կանանց շրջանում ավելի արագ է ընթանում: Խոսքը վերաբերում է թե խաղային՝ ֆուտբոլ, հանդբոլ, բասկետբոլ, խոտի հոկեյ, վոլեյբոլ…, թե մենապայքարային՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ եւ այլն մարզաձեւերին:

Ըստ պարոն Թորոյանի, չկա այնպիսի հասկացողություն, թե սպորտը հայ կնոջ համար չէ եւ ոչ մի հայ տղամարդ չի ցանկանում, որպեսզի իր դուստրը ֆուտբոլ խաղա եւ ամեն օր վնասվածքներ ստանա: «Կա պրոֆեսիոնալ եւ սիրողական ֆուտբոլ: Ոչինչ, որ մեր աղջիկները ֆուտբոլ խաղան սիրողական մակարդակով: Ոչինչ, որ նրանք զիջեն այլ երկրների պրոֆեսիոնալներին: Վնասվածքների առումով կանանց ֆուտբոլը աշխարհում 4-5-րդ տեղում է՝ խոտի հոկեյից, հանդբոլից, հոկեյից հետո: Բայց դա պրոֆեսիոնալ մակարդակում: Դրա փոխարեն խաղային մարզաձեւերը բերում են ուղեղի դինամիկայի զարգացման, տեսադաշտի ընդլայնման, մկանային խմբերի զարգացման, ի վերջո, առողջության ամրապնդման: Հաշվարկված է, որ կանանց ֆուտբոլում յուրաքանչյուր խաղացող 10-15 պոկում է կատարում՝ յուրաքանչյուրը 6-15 մետր երկարությամբ: Որքան մեծ է շարժման քանակը, այնքան զարգացած է գլխուղեղը: Այս ամենը հանգեցնում է նաեւ այն բանին, որ սպորտով զբաղվող կինն ավելի հեշտ է ծննդաբերում եւ ավելի առողջ երեխա է ունենում: Որքան էլ ասենք, որ կանանց ֆուտբոլը մեզ համար չէ ու չզբաղվենք այն արմատավորելով, տարածելով, միեւնույն է, աղջիկները խաղալու են բակերում, գյուղական դաշտերում: Ուրեմն ինչո՞ւ չզբաղվել նրանցով, մանավանդ, որ համապատասխան խաղադաշտեր կան, թիմեր կազմել, մարզել: Միայն թե, այդ ամենը պետք է ճիշտ կազմակերպել:

Կնոջ դերը միայն երեխա ունենալն ու տնային տնտեսությամբ զբաղվելը չէ: Առավել եւս մեր երկրի համար, որը շրջապատված է «լավ» հարեւաններով: Չգիտես ինչի՞, մենք չենք ուզում հիշել, որ Իսրայելի նման երկրում կանայք հավասար հիմունքներով ծառայում են բանակում: Եվ նրանք համակարգիչների առջեւ չեն նստում, այլ ստանում են գրեթե հավասար ծանրաբեռնվածություն, ինչ տղամարդ զինվորները: Այնտեղ կանանց հատուկ նշանակության ջոկատներ էլ կան: Իսրայելում չե՞ն հասկանում, որ ծանրաբեռնված մարզումները վնասում են կնոջ առողջությունը: Լավ էլ հասկանում են ու գիտեն, որ նման բան չկա: Կամ մեր հարեւան Իրանում, որն այս հարցում անհամեմատ ավելի ավանդապաշտ ու պահպանողական է, կանայք մարզվում են տարբեր մարզաձեւերով՝ փակ մարզահագուստով ու գլխաշորով: Եվ երբ Իրանին հարվածելու հարցն էր քննարկվում, այդ երկրի մարզվող կանանց խմբերն առաջինը իրենց երկիրը պաշտպանելու պատրաստակամություն հայտնեցին:

Խոսելով նաեւ պրոֆեսիոնալ սպորտի ու դրա հետագա վնասների մասին, Ռաֆայել Թորոյանն ասաց, որ ամեն բան կախված է աշխատանքները ճիշտ կազմակերպելուց եւ բերեց ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի ու Նազիկ Ավդալյանի օրինակները՝ ասելով, որ Հռիփսիմեն բոլոր կանանց նման մայր է դարձել, իսկ Նազիկը պատրաստվում է մոտ ժամանակներս մայրանալ: «Ու պրոֆեսիոնալ սպորտը նրանց չի խանգարել: Երկուսն էլ առողջ են, երեխաները՝ նույնպես», – եզրափակեց մասնագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930