Նոյեմբերի 2-ին Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ կոնֆերանս «Կինոն՝ հանդուրժողականության լեզու» խորագրով, որին մասնակցում էին ինչպես հայ, այնպես էլ այլազգի ռեժիսորներ և թատերագետներ: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեց հանդուրժողականությունը, գրաքննությունը և մի շարք այլ թեմաները:
Ռուս թատերագետ Կիրիլ Ռազլոգովը կոնֆերանսի ընթացքում անդրադարձավ գրաքննություն և հանդուրժողականություն հասկացությունների: Նրա կարծիքով` պետք է պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում հանդուրժողականություն և որտե՞ղ է նրա սահմանները.
«Ինչքան հասարակությունը վստահ է իր ուժերին, այնքան ավելի է պահվածքի ազատություն իր մեջ պարունակում: Դա կապված է ոչ միայն «հանդուրժողականություն» եզրույթի հետ, այլ «գրաքննություն» հասկացության հետ: Առանց գրաքննության չի կարող գոյատևել ոչ մի մարդ և ոչ մի հասարակություն: Ի՞նչ է հանդիսանում գրաքննություն, ի՞նչը՝ ոչ, դա որոշվում է հասարակության կայունության աստիճանով»:
Գերմանացի ռեժիսոր Մարիո Դամոլինն իր խոսքում նշեց, որ որոշ դեպքերում մարդ կարող է չլինել հանդուրժողական: Եվ պետք է հասկանալ իրականում` ի՞նչ է խաղաղությունը և ի՞նչ է հանդուրժողականությունը.
«Ի՞նչ է խաղաղությունը, ի՞նչ է պատերազմը: Մենք ասում ենք պատերազմ, երբ Ամերիկան Եվրոպայի դեմ տնտեսական պատերազմ է սկսում, կամ Ռուսաստանը Վրաստանի դեմ, կամ Եվրոպան Աֆրիկայի դեմ: Իմ կարծիքով` մենք պետք է քննարկենք յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակը՝ հասկանալու համար ի՞նչն է ճիշտ մեզ համար, ի՞նչ ենք պատրաստ անելու, ի՞նչ ենք պատրաստ մտածելու և տարանջատել այն բաները, որոնց հանդեպ հանդուրժողական չենք»:
Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկովի» հիմնադրամը՝ ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 34 երկրներից 113 ֆիլմ: Նրա նպատակն է կոնֆլիկտեր ունեցող երկրների երիտասարդների համար մշակութային երկխոսության պայմաններ ստեղծել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ