Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապտակ» հայկական ջրագնդակին

Նոյեմբեր 02,2013 19:32

«Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնի լողավազանում շարունակվում է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որը կազմակերպել են Ջրագնդակի հայկական դաշնությունը եւ ՀԱՕԿ-ը, եւ որին առաջին անգամ մասնակցում են նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների թիմերը:

Առաջնությունը մեկնարկել է ութ թիմերի մասնակցությամբ, սակայն առաջին օրվանից հետո պայքարը շարունակում է յոթ թիմ: Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ` «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել է մրցումներից:

Այսօր Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը տեղի ունեցածի մասին Aravot.am-ին պատմեց հետեւյալը. «Ես 40 տարուց ավելի ջրագնդակ մարզաձեւում եմ, սակայն ինչ կատարվեց մրցումների առաջին օրն այստեղ՝ «Տիտան»-«Սպիտակ» հանդիպման ժամանակ, երբեք չէի տեսել ու պատկերացնել չէի կարող: «Տիտան» թիմի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը, համարելով, որ առաջնության եւ այդ խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ռուբեն Եսայանը, որն ի դեպ, մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզներում, կողմնակալ է սպասարկում հանդիպումը, մարզիչ Նարեկ Խալաթյանի հետ, բոլորիս համար անակնկալ մոտեցավ նրան եւ ներկաների, այդ թվում՝ պատանի ջրագնդորդների եւ նրանց ծնողների, աչքի առջեւ հարվածեց: Հասկանալի է, հանդիպումը դադարեցվեց, իսկ հետո նաեւ օրվա մյուս խաղերը չանցկացվեցին: Ասեմ, որ մինչ այդ, հանդիպման երկրորդ մրցավար Լեւոն Շիրմազանյանը անվայել պահվածքի համար լողավազանի մատույցներից հեռացրել էր «Տիտան» թիմի մարզիչ Նարեկ Խալաթյանին:

Անմիջապես ահազանգեցինք ոստիկանություն եւ շտապ օգնություն: Ժամանած բժիշկները Ռուբեն Եսայանին տեղում նախնական առաջին օգնություն ցույց տալուց հետո, տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ մրցավարը քթոսկրի կոտրվածք եւ գլխուղեղի ցնցում է ստացել: Ոստիկաններն էլ համապատասխան նկարահանումներ կատարեցին, արձանագրություն կազմեցին: Ըստ ինձ հասած տեղեկությունների, քննիչները Ռուբեն Եսայանին դատա-բժշկական ստուգում անցնելու ուղեգիր են տվել:

Միջադեպի օրը հենց լողավազանում հրավիրվել է մրցավարական հանձնաժողովի, թիմերի ներկայացուցիչների եւ մարզիչների մասնակցությամբ նիստ եւ որոշում կայացվել՝ «Տիտան» թիմը մրցումներից հեռացնելու, ինչպես նաեւ այդ թիմին Ջրագնդակի հայկական դաշնության մրցումներին այսուհետեւ այլեւս չհրավիրելու մասին: Այսօր գումարվել է նաեւ մեր դաշնության արտահերթ նիստ, որը հաստատել է երեկվա առաջարկները եւ որոշել նաեւ միջադեպի մասին գրավոր, պաշտոնական նամակ ուղարկել այդ անձանց աշխատավայր, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն ու ՀԱՕԿ:

Ես ցավում եմ կատարվածի համար: Դա հարված էր նաեւ ջրագնդակին, պատանի մարզիկներին, նրանց ծնողներին եւ, ընդհանրապես, հայկական սպորտի հեղինակությանը: Ես ցավում եմ «Տիտան» թիմի պատանի ջրագնդորդների համար, որոնց մեջ շնորհալի երեխաներ կան: Մեր մասնագետները հետեւում են բոլորի ելույթներին ու իրենց մոտ նշումներ կատարում: Այդ թիմում կան տղաներ, որոնք կարող են համալրել մեր պատանեկան հավաքականները, ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզներում»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կայծակ փալանճեան says:

    Յարգելի Խմբագիր Առաօտ թերթի
    Ընթացիք տարվայ Մայիսի վերջին ,ի յիշատակ վաղամեռիկ թոռանս Իվան ի Հայաստանում հիմնեցի իր տեսակի մէջ առաջինը-Դիսկ -Գօլֆ:Մատչելի եւ երկսեռ-երի համար:Կարող եք տեսնել մանրամասն իր անվամբ կայքէում եւ խնդրանքս է քաջալերէք Երիտասարդներին գնալ եւ Անվճար խաղալու… Էջմիածին մայրուղի կիլօմէտր 16 կից ԱրմէնիանԼայթհաուսի:
    Facebook-Ivan’s Disc Golf Course Armenia
    Շնորհակալութեանբ,ձերդ
    Կայծակ Փալանճեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930