«Արդեն ուղիղ երկու ամիս է` հետեւում եմ բոլոր դատավարություններին: Մեղադրողները, դատավորը եւ մյուսները չեն կարողանում կոնկրետ մեղադրանքներ առաջ քաշել, ոչ մի փաստով չեն կարողանում ապացուցել հանցագործությունը, բայց մարդիկ երկու տարի է՝ կալանքի տակ են»,-այսօր այս մասին «Ֆորում» մամուլի ակումբում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը` հավելելով, որ «Բանդայի գործ» գոյություն չունի, քանի դատարանով ապացուցված չէ. «Բանտարկել են Արտուշ Հակոբյանին՝ նրան համարելով բանդայի ղեկավար: Էդ ի՞նչ աբսուրդ բան է, ստուգել են նրա կատարած զանգերը, զանգերի մեջ որեւէ կապ չկար մյուս տղաների հետ: Բաներ կան, որոնք աբսուրդի են հասնում, որոնք հնարավոր է նաև միտումնավոր է արվում»,-ասաց նա` նկատելով, որ գործով մինչև այսօր անգամ գողոն չի հայտնաբերվել:
Այս ամենը միտումնավոր է արվել, թե պրոֆեսիոնալիզմի պակաս է, դժվար է ասել, բայց երկու դեպքում էլ, ըստ քրեագետի, երևույթն ահավոր է: Նույնիսկ տուժողներից ոմանք դատարան չէին գալիս, նրանց բերման ենթարկեցին ցուցմունքներ տալու համար:
Նշենք, որ պաշտոնատար անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու համար մեղադրվող Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Արման Դալլաքյանն են:
Քրեագետն ընդգծեց, որ անձնական ոչ մի շահագրգռվածություն չունի, պարզապես ծիծաղելի է, երբ առանց որևէ ապացույցների խաղում են մարդկանց ճակատագրերի հետ եւ անուն են հանում, թե դարի մեծագույն բանդային են հայտնաբերել:
Ըստ բանախոսի՝ նախաքննության շրջանում շատ բաներ են գործի հետ կապված աղճատվել: «Տուժող Նապոլեոն Ազիզյանի բնակարանից արժեքավոր նկարներ են տարել, ըստ տուժողի ցուցմունքի կազմվել է արձանագրություն, որ վեց թանկարժեք նկարներ են գողացվել, բայց, պարզվում է, ոչ մի կերպ չեն կարողանում պարզել, թե ինչ նկարներ են եղել դրանք: Ստացվում է` Նապոլեոնն իր սիրելի ադեի նկարը կախել է պատերից` կոչելով արժեքավոր նկարներ»,- կատակեց նա` հավելելով, որ ներկա է գտնվել բոլոր դատավարություններին և համոզվել է, որ մեղադրողները և դատավորները չեն կարողանում կոնկրետ մեղադրանք ներկայացնել, ընդամենը հայտարարություններ են անում, որոնք դատարանի դահլիճում պետք է հիմնավորումներ ստանան, բայց չեն ստանում. «Դատավորն ի՞նչ պիտի անի, գործ է եկել, պիտի քննի եւ կքննի 18 տարի 9 ամիս: Այս գործը չի վերջանա, որովհետև մեղադրանք չկա»:
Ինչ վերաբերում է իր՝ ամիսներ առաջ քաշած վարկածին, թե հնարավոր է, որ այդ գործը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վրեժխնդրության արդյունք է, Սերգեյ Գալոյանը նշեց. «Ես ուշադիր կարդացել եմ բոլոր գրածները եւ հանկարծ հանդիպել եմ Արտուշ Հակոբյանի հոր՝ Սուրիկ Հակոբյանի հայտարարությանը: Մարդը հայտարարեց, որ չի հավատում, որ այդ տղաներն են մեղավոր: Սուրիկ Հակոբյանը գրել է, որ այս ամենի հետեւում կանգնած է Ալիկ Սարգսյանը, որն իր անձնական վրեժն է լուծում ինձանից: Լավ, եթե նույնիսկ նրա ասածները ֆանտաստիկայի ժանրից են, ինչո՞ւ պիտի հենց սրանք բռնվեին»,- հարց բարձրացրեց բանախոսը` հավատացնելով նաև, որ մեղադրյալներից Արման Դալլաքյանը դանակի վախի տակ է ցուցմունք տվել:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ