Հոկտեմբերի 29-30-ին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Զարգացման հայկական գործակալության եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել էին «Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ, որոնց նպատակն էր ներկայացնել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության դարավոր պատմությունը եւ ավանդույթները, ինչպես նաեւ` հայկական գինիները և կոնյակը:
Հոկտեմբերի 29-ին միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդում՝ նիստերի դահլիճի նախասրահում: Միջոցառումը բացեցին ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը նույն օրը ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության անունից ելույթ ունեցավ ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում, եւ Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շթաան:
Հոկտեմբերի 30-ին Ստրասբուրգի Առեւտրա-արդյունաբերական պալատում անցկացվեց հայկական գինիների եւ կոնյակի համտես-երեկո, որին հրավիրված էին նաեւ Ստրասբուրգի քաղաքապետարանի, Առեւտրա-արդյունաբերական պալատի, Ստրասբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներ, ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչներ, դիվանագետներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Ալզասի տարածաշրջանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լուի Հյորլեն: Ստրասբուրգը միջոցառմանը ներկայացնում էր փոխքաղաքապետ Նավել Րաֆիկ-Էլմրինին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչություն