Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սուլթանյան. «Եզդիների ազգային ինքնագիտակցության աճը երբեք չի հակասել հայկական պետականության շահերին»

Նոյեմբեր 02,2013 15:49

 

Եզդիները վրդովված են. Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Թե որն է իրական պատկերը, այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձեց ներկայացնել «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:

 

«Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011թ. հոկտեմբերին անցկացված մարդահամարի տվյալները, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Նշված է, որ ՀՀ-ում բնակվում է 35.272 եզդի: Այս թիվը 2001թ. համեմատությամբ կրկնակի նվազել է: 2001թ. տվյալներով` ՀՀ-ում բնակվել է 60.000 եզդի: Իհարկե, եզդիները նույնպես արտագաղթում են, սակայն արտագաղթի այսպիսի տեմպեր չեն գրանցվել, նրանց միայն 10 տոկոսն է, որ գնում է ու չի վերադառնում: Մեր տվյալներով` ՀՀ-ում բնակվում է 55.000 եզդի»,- ասաց Ս. Սուլթանյանը:

 

Նա նաև աղավաղված համարեց տվյալը, որ 30.000 եզդիներից 10.000-ը չգիտի հայերեն: «Դպրոցներում կրթությունն իրականացվում է հայերենով, և եթե մի քանի եզդիական դպրոցներ էլ գոյություն ունեն, դրանցում նույնպես կրթությունը տարվում է հայերենով, իսկ եզդիերենը միայն որպես առարկա է դասավանդվում: Ուստի` բացառվում է, որ 10.000 եզդի չտիրապետի հայերենին: Բացի այդ, ԱՎԾ-ի տվյալներով` միջին մասնագիտական և բարձր մասնագիտական կրթություն ունի 1000 եզդի, որից միայն 40-ն է տիրապետում հայերենին: Այս տվյալները չեն կարող համապատասխանել իրականությանը»,- համոզված է կոմիտեի փոխնախագահը:

 

Բանախոսի խոսքով` սխալ է նաև այն տվյալը, որ ՀՀ-ում պարսկերեն գիտի երեք եզդի: Սխալ է, որովհետև վերջիններս սովորում են արևելագիտության ֆակուլտետում, և ամեն տարի 2-3 ուսանող պարսկերեն է սովորում: «Միայն մեր կազմակերպությունում պարսկերեն գիտի 15-20 եզդի»,- հավելեց Ս. Սուլթանյանը:

 

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև ազգային ինքնագիտակցության խնդիրներին, և այս առթիվ Սաշիկ Սուլթանյանը նկատեց, որ 2001-2013թթ. եզդիների շրջանում էթնիկ ինքնագիտակցության աճ է գրանցվել. «Այդ մասին են վկայում նոր գրանցված եզդիական երկու հասարակական կազմակերպությունները, բայց դա բոլորովին չի նշանակում, որ հայերենն անտեսված է եզդիների կողմից, կամ որ նրանք հայերենին չեն տիրապետում: Չի կարող այդպես լինել, քանի որ որոշակի քայլեր անելու համար ՀԿ-ներում գրանցված անձինք, ուզած-չուզած, առնչվում են հայերենի հետ, ի վերջո, աշխատանքային լեզուն հայերենն է: Եզդիների ազգային ինքնագիտակցության աճը երբեք չի հակասել հայկական պետականության շահերին»,- ասաց նա:

 

Բանախոսի փոխանցմամբ` եթե ԱՎԾ-ն չարձագանքի իրենց մտահոգությանը, իրենք կդիմեն վարչապետին, որպեսզի դեկտեմբերին հրապարակվելիք պաշտոնական տվյալներում չլինեն վերը նշված սխալները:

 

Հարցին, թե կա արդյոք որևէ դիտավորություն իրականությանը չհամապատասխանող տվյալներ հրապարակելու մեջ, Սաշիկ Սուլթանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ես գտնում եմ, որ դա տեխնիկական սխալ է կամ որոշակի մարմինների սխալ աշխատանքի արդյունք: Միայն իմ ունեցած տվյալներով` 3-4 եզդիաբնակ գյուղերում մարդահամար չի անցկացվել»:

 

 

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Ազգային վիճակագրական ծառայություն, ԱՎԾ, «Երկու երես», «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ, Սաշիկ Սուլթանյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930