Հայաստանի բնության պետական թանգարանի գործունեության հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը եւ բնապահպանական կրթությանը նպաստելն է, ինչը հնարավոր է միայն բնության վերաբերյալ գիտելիքների խորացման եւ վերջինիս նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելու միջոցով: Իսկ բնությունն իր գեղեցկությամբ, խորհրդավորությամբ ու գույների բազմազանությամբ միշտ էլ ոգեշնչել է տաղանդաշատ արվեստագետների: Այս օրերին Հայաստանի բնության պետական թանգարանում գործում է «Բնության գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայ նկարիչների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանը: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 աշխատանք: Դրանց մեծ մասը հեղինակը նկարել է պաստելով, ջրաներկով, գուաշով, յուղաներկով. ամեն նկար թելադրում է իր նյութը: Սկսելով գրաֆիկայից՝ Դավիթը զգացել է, որ աշխարհը գունավոր է` թեեւ գրաֆիկան ավելի լավ է արտահայտում պատկերը:
Դեպի մեծ արվեստ տանող իր ճանապարհի սկիզբը եղել է ընտանիքը` հայրը, ապա Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: Դավիթի կտավներից սերն ու գեղեցկությունն է հորդում, նա կարողանում է նկատել գեղեցիկը, անցկացնել հոգու եւ սրտի միջով ու փոխանցել թղթին, կտավին, թերեւս հենց այստեղ է նկարչի առավելությունը: «Ես սիրահարվում եմ, դա իմ հոգու փոթորկումն է, առաջնահերթ ապրում եմ պատկերելով իմ ապրումները, խոսում եմ նկարներիս հետ եւ ստանում հարցերիս պատասխանները»,- ասում է նկարիչը:
Հարուստ է երիտասարդի ստեղծագործական ուղին. ունեցել է ցուցահանդեսներ, պարգեւատրվել պատվոգրերով: 2008 թ. մասնակցել է միջազգային մրցույթի Ղրղըզստանում եւ Ղրղըզստանի առաջին տիկնոջ կողմից արժանացել հատուկ մրցանակի: Պատվոգրի է արժանացել Հայաստանի բնության պետական թանգարանի կոցմից, որը հանձնեց տնօրեն Գայանե Ղազարյանը:
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ