Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատեք իմ պաշտպանյալ Վահագն Ղազարյանին կալանքից

Նոյեմբեր 02,2013 14:29

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին

ՀՀ ոստիկանության  ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մարտիրոսյանի     վարույթում քննվող թիվ 57111413  քրեական գործով գլխավոր դատախազին է դիմել մեղադրյալ Վահագն Արտաշեսի Ղազարյանի շահերի պաշտպան, ՀՀ ՓՊ փաստաբան Ամալյա Ավագյանը:

«Խնդրում եւ պահանջում եմ ցուցում տալ Ձեր ենթականերին, իմ պաշտպանյալ Վահագն Արտաշեսի Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրդատօր-ի 35 հոդվածի 2-րդ մասով «…մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում»` հիմքով եւ ազատել իմ պաշտպանյալ Վահագն Ղազարյանին կալանքից: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Ա. Կարապետյանը քրեական գործի նյութերին չի տիրապետում: Նախաքննությունը  ոչ ճիշտ ուղղությամբ  քննելու պատճառով՝ Վ.Ղազարյանն  արդեն 4-րդ ամիսն է, որ գտնվում է անազատության մեջ: Իմ միջնորդություններն անպատասխան են մնում: Իմ պաշտպանյալ Վահագն Ղազարյանի նկատմամբ  խափանման միջոց  կալանք է ընտրվել 04. 08.2013թ.-ին: Վ. Ղազարյանին ՀՀ քրօր-ի 176 հոդ. 1-ին եւ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով՝ երեք  դրվագով,  մեղադրանք է առաջադրվել 03.08.2013թ.-ին: Առաջադրված մեղադրանքներում նա իրեն մեղավոր չի ճանաչել: Մեղադրանքը հաստատելու համար խախտումով կատարվել է ճանաչման քննչական գործողություն, նախապես Վ. Ղազարյանին Վաղարշապատի ոստիկանության  աշխատակիցները   տարել են  տուժողների բնակավայրերի բակ  եւ ցույց տվել նրանց՝ ասելով, որ այս տղան է ձեզ կողոպտել, ապա քննիչի մոտ     կատարել առերեսում քննչական  գործողությունը: Այդ մասին պաշտպանության կողմը հայտնել է դատախազին եւ գործը Վաղարշապատից վերցվել ու հանձնվել Արմավիրի քննչականի վարույթ: Պաշտպանության կողմը  կատարել է մի շարք հարցումներ, որի պատասխանները հաստատում  են իմ պաշտպանյալ  Վահագն Ղազարյանի  այլուրեքությունը եւ ապացուցում նրա անմեղությունը:  Այն է՝ համաձայն  «Գրանտ Տոբակո» ՀԿ ՀՁ ՍՊԸ-ի 08.08.2013թ. թիվ Ե-323 գրության, Վահագն Ղազարյանը աշխատում  է  «Գրանտ Տոբակո» ՀԿ ՀՁ ՍՊԸ-ում  2012թ. սեպտեմբերի 20-ից՝ որպես  ֆիլտրի արտադրամասի   կարգավորող: 2013թ.  հուլիսի  23-ին նա ներկայացել  է աշխատանքի  ժամը 08:24-ին  եւ  դուրս է եկել ժամը  16:32-ին: Համաձայն  «Գրանտ Տոբակո» ՀԿ ՀՁ ՍՊԸ-ի 14.08.2013 թ.  թիվ Ե- 352 գրության, պաշպանության  կողմին է  տրամադրվել  «Գրանտ Տոբակո»  ընկերության  աշխատակից   Վահագն  Ղազարյանի  վերաբերյալ  ս.թ. հուլիսի 23, 26, 27-ին ընկերության  մուտքի  եւ ելքի  տեսաձայնագրությունները  եւ  համակարգչային  տվյալները: Համաձայն  այդ  տեսագրության՝  ս.թ. հուլիսի 26-ի երեկոյան եւ հուլիսի 27-ի առավոտյան  Վ.Ղազարյանը  եղել է չսափրված: Մինչդեռ  տուժողի կողմից քննությանը  ներկայացված  հուլիսի 26-ի  տեսաձայնագրության  անձը  սափրված է   եւ  դժվար թե մեկ գիշերվա  ընթացքում  մարդու երեսը  մազածածկվի: Համաձայն Վահագն Ղազարյանի  ընկեր Արմեն Սիրադեղյանի 14.08.2013թ.  պաշտպանական  կողմին տված բացատրության՝ նա 26.07.2013թ.-ին իր 091-268-818 բջջային  հեռախոսահամարից  ժամը 18:00-ի սահմաններում  զանգահարել է Վ. Ղազարյանի բջջային 099 268-368 հեռախոսահամարին, մեկ անգամ էլ տան՝ 268-368  քաղաքային հեռախոսահամարին, վերջինս  տանն է եղել, խոստացել է 10 րոպեից իջնել բակ, այնուհետեւ 18:15  կամ  20  իրար հանդիպել են  բակում  եւ  մինչեւ  ժամը    22:00-ը միասին  եղել: Ստացվել է քննիչի կողմից  հեռախոսային այդ վերծանումները եւ հաստատվել, որ Վ.Ղազարյանը  եւ իր ընկերը խոսելիս  եղել են Քոչարի վրա գտնվող իրենց հասցեում: Ըստ Վ. Ղազարյանի տանը  վերանորոգման  աշխատանքներ կատարող  Սամսոն Երեմի Սիմոնյանի  14.08.2013թ.  պաշտպանական  կողմին տված բացատրության՝  նա 26.07.2013թ.-ին  վերանորոգման  աշխատանքներ է կատարել Արտաշես  Ղազարյանի  տանը, որը  նրա  աշխատանքներ կատարելու  երկրորդ  օրն էր, Վահագն Ղազարյանն  աշխատանքից տուն է եկել ժամը  17:30-ին եւ ժամը 18:00-ից  մինչեւ 18: 30-ի սահմաններում  տանն է եղել, հոր հետ  օգնել է  իրեն աշխատանք  կատարելուն,  եւ  տնից  դուրս  է  եկել  ինչ-որ  զանգից  հետո: Ըստ  Վ.Ղազարյանի  հոր՝ Արտաշես  Ղազարյանի 23.08.2013թ.-ին պաշտպանական կողմին տված  բացատրության, 26.07.2013թ.-ին  իր բնակարանը  վերանորոգման աշխատանքներ  կատարելու երկրորդ օրն է եղել, տղան` Վահագնը, աշխատանքից եկել է  17:30-ին եւ ժամը 18:00-ից  մինչեւ 18:30-ի սահմաններում  տանն է եղել, այնուհետեւ  ընկերոջ զանգից հետո  տնից  դուրս է եկել 18:30-ից 40-ին մոտավորապես: Երրորդ` 04.04.2012թ.-ին ժամը  18:30-ի  դրվագով  մեղսագրվող  արարքը  նույնպես  հերքվում է, քանի որ  ավելի քան  մեկ տարի առաջ  կատարված  դեպքով  Վ.Ղազարյանին  հանդիսավոր  կերպով  տանում են  տուժողի  տուն  եւ  ներկայացնում, որ  նա  իրեն կողոպտողն է, ապա  բերելով  քննիչի մոտ՝  կատարում  ճանաչում  քննչական  գործողությունը: Պարզ չի՞, որ տուժողը պիտի հաստատի, որ նա է իրեն կողոպտողը: Այսպիսով, իմ պաշտպանյալ Վահագն Ղազարյանի  կողմից  կողոպուտ  կատարելու  վարկածը  երեք  դրվագով էլ հերքվում  է, ներկայացված  փաստերի  հիման վրա:  Նշեմ, որ Վահագն Ղազարյանի  բնակարանում  կատարված  խուզարկությամբ  չի հայտնաբերվել տեսասկավառակում պատկերված անձի  վրայի  կարմիր գույնի  տաբատը  եւ  սպիտակ  վերնաշապիկը՝  գունավոր  նկարով, այլ առգրավվել է  մուգ  շագանակագույն տաբատ  փոքր  չափսի, որը  Վ. Ղազարյանի  չափսին չի համապատասխանում, այլ դա  Վահագնի փոքր եղբոր  տաբատն է: Բոլոր քննչական գործողությունները, միջնորդությունները կատարվում են Վահագն Ղազարյանի  նախաձեռնությամբ՝ վերծանել իր բոլոր  հեռախոսազանգերը, կատարել քննչական  փորձարարություն,  չի խուսափում  որեւէ բացահայտումից, քանի որ  անմեղ է, ու ուրիշ պատասխան  չի կարող լինել:   03.08.2013թ.-ին Վ.Ղազարյանը  քննիչի  կանչով  առավոտյան՝  իր ոտքով, չի խուսափել եւ ներկայացել է ոստիկանություն, որտեղ նորից  ձերբակալվել է:

Հարգելի պարոն Կոստանյան,  այսօրվա  դրությամբ նաեւ ստացվել են  քննիչի կողմից կատարված  հարցադրումների  պատասխանները, որոնք հօգուտ Վահագն Ղազարյանի են, սակայն  նա  շարունակում է մնալ անազատության  մեջ եւ քրեական հետապնդումը նրա նկատմամբ չի դադարեցվում: Չի ստացվել միայն տեսաերիզների փորձաքննության պատասխանը, որը ըստ  Ազգային փորձաքննությունների կենտրոնի աշխատակցի`  կստացվի միայն 5 ամիս հետո, որովհետեւ հերթ է: Ինչո՞ւ այսօր նրա նկատմամբ գոնե  այլընտրանքային խափանման միջոց չկիրառել, երբ օրենքը թույլատրում է: Թե՞  այդ փորձաքննության պատճառով, պետք է չորս անգամ էլ  կալանքի ժամկետ երկարացվի: Բացի այդ, Վ.Ղազարյանը կիրթ ընտանիքի զավակ է, հայրը` Ա.Ղազարյանը, ունի գիտական աստիճան, մայրը մանկավարժ է, ունի  բարձրագույն կրթություն, նախկինում  դատված չի, շրջապատում բնութագրվում է դրական, աշխատանքում բանիմաց ու կարգապահ անձնավորություն, տառապում է պարբերական հիվանդությամբ, ունենում է ներվային նոպաներ, մշտապես գտնվում է դիսպանսեր հսկողության  տակ եւ մշտապես ընդունում համապատասխան դեղամիջոցներ, իսկ այդպիսի  հիվանդությամբ անձին  ՔԿՀ-ում ազատազրկման  մեջ գտնվելը վտանգավոր  է  նրա առողջության  եւ   կյանքի համար, այն էլ այն դեպքում,  երբ Վ.Ղազարյանը  որեւէ  կապ չունի  կատարված  հափշտակությունների  հետ` բացարձակ  անմեղ է: Թվարկածս հանգամանքներ  են, որի  հիման  վրա  նախաքննության  մարմինը  կարող է խափանման  միջոց` կալանավորումը   փոփոխել  եւ  ընտրել  այլ  խափանման միջոց`  ՀՀ  քրդատօր-ի 151  հոդ. 2. Խափանման  միջոցը  վերացվում  է, երբ  վերանում  է  դրա  անհրաժեշտությունը: Քանի որ Վ.  Ղազարյանը  տեղեկություն  եւ  առնչություն չունի  կատարված  կողոպուտների հետ, այլ  առկա են  միայն նրա անմեղությունը  եւ  այլուրեքությունը հաստատող  ապացույցներ, իսկ  նախաքննությամբ,  բացի  տուժողներին  ուղղորդված ցուցմունքներից,  այլ փաստեր չի  հայտնաբերվել: Որպես պաշտպան խնդրում եմ, Ձեր կողմից  վերահսկողություն իրականացնել այս  քրեական գործի նկատմամբ, եւ քանի որ իմ պաշտպանյալի առնչությունն այս  հանցագործություններին չի ապացուցվել, այլ միայն հերքվել է, եւ քննությանն է ներկայացվել Վահագն Ղազարյանի այլուրեքությունը հաստատող  եւ նրա մեղադրանքը հերքող ապացույցներ, ուստի  ակնկալում եմ Ձեր հսկողությամբ շուտափույթ լուծում տալ այս քրեական գործին` կարճել Վահագն Ղազարյանի մեղադրանքով քրեական գործը ՀՀ քրդատօր-ի 35 հոդվածի 2-րդ մասով «…մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում»` հիմքով, իսկ առաջնահերթ ազատել իմ պաշտպանյալ Վահագն Ղազարյանին կալանքից»:

ԱՄԱԼՅԱ ԱՎԱԳՅԱՆ

Վ.Ղազարյանի պաշտպան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930