Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ է, բայց փաստ է

Նոյեմբեր 02,2013 14:26

«Առավոտ» լրագրում կարդացի եւ խիստ զարմացա, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Շարա Տալյանի թոռը՝ Ռուզաննան, մնացել է փողոցում: Այդ ինչ իրավա-բարոյական նորմ է, որ Շարա Տալյանի թոռանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Բեռլինի գրավմանը մասնակցած Միշա Բաբաջանյանի միակ աղջկան սեփական տնից դուրս են անում, թե իբր աղջկա մայրը՝ Լուսյա Տալյանը, տունը նվիրաբերել է հեռավոր ազգականի, այդ հեռավոր ազգականն էլ չի թողնում, որ բնակարանի տերը ներս մտնի եւ որի արդյունքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել աստիճանավանդակում։

Նախ ողջունում եմ «Առավոտ» լրագրին, որ այսքան բծախնդիր է բարոյականության հարցում եւ անկաշառ պաշտպանում է նշանավոր երգիչ-արտիստի թոռնուհուն։ Եվ ապա, ըստ էության, ժամանակին մարդիկ գտնվեցին (հազիվ անասուններից տարբերվող), որ առանց մտածելու ընդունակություն ունենալու եւ առանց խղճի խայթի, մահվան դատապարտեցին ու գնդակահարեցին մեծ Թումանյանի եղբորն ու տղաներին։ Ես անձամբ չեմ պատկերացնում, թե ինչպես է կարելի հրացանն ուղղել Թումանյանի տղաների սրտին, բայց դա, ավաղ, տեղի է ունեցել։

Շարա Տալյանը Թումանյան չէ, բայց նա Շարա Տալյան է, հայոց ժամանակակից երգարվեստի հիմնադիրներից մեկն է։ Չեմ հասկանում, այդ ինչ ոստիկանություն է եւ դատարան, որ հանդուրժում է Շարա Տալյանի թոռան վտարումը իր իսկ բնակարանից։ Ոչ մի կտակ չի կարող արդարացնել նման անմարդկային արարքը։

Արիստոտելը ժամանակին ասել է. «Եթե դատավորը չի ընտրվում, նշանակում է դեմոկրատիայի մասին խոսելն ավելորդ է»։

Ըստ երեւույթին, դատավոր Ափինյանին, որը նման որոշում է կայացրել, պետք է «բացառության կարգով» ընտրել, որպեսզի նա հասկանա, որ ոչ մի իրավական նորմ չի կարող խոչընդոտել բարոյականությանը։ Բարոյականությունը ասում է՝ պետք է Հայրենական պատերազմի վետերան, Բեռլինի դեմ մղված մարտերի մասնակից, Թամանյան դիվիզիայի զինվոր Միշա Բաբաջանյանի աղջկան՝ Ռուզաննային, հատկացնել իր հայրական բնակարանը։ Ոչ մի արտաքին միջամտություն չի կարող խանգարել այս մարդկային մեծ պահանջին, բայց մի բան մնում է անհասկանալի, թե ինչպես է Լեւոն Ժամհարյանը հարեւանների միջամտությամբ ու օգնությամբ տեր կանգնում բնակարանին՝ հալածելով հիվանդ ու անպաշտպան կնոջը։ Ամեն ինչից վեհ ու բարձրը մարդկային խիղճն է։ Սա պետք է որ հասկանար Լեւոն Ժամհարյանը, որպեսզի նա իր իսկ կամքով բնակարանը թողնի իր իսկական տիրոջը՝ Ոուզաննա Բաբաջանյանին եւ միեւնույն ժամանակ մեր ոստիկանության ու դատարանի առանձին ներկայացուցիչներ պարտավոր են հասկանալու, որ իրավական նորմերից վեր գոյություն ունի մի այլ նորմ, դա մարդկային խիղճն է, բարոյական դրսեւորումը։

«Հարգելի» կողոպտիչներ եւ կողոպուտի պաշտպաններ, անբարոյական լինելը բավականին հեշտ է։ Հակառակն է դժվար, աշխատեք մնալ բարոյականության դիրքերում:

Հ. ՀՈՎՀԱՆՆԵՍ                              

ՀՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930