Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը ջերմ երկիր է եւ լավ գործընկեր»

Նոյեմբեր 02,2013 14:11

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնն այս տարի  հյուրընկալել է  համանուն ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովը:

«Առավոտի» հետ զրույցում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը նշեց, որ իրենց բուհի Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը մաս է կազմում Ֆրանկոֆոն ամբիոնների միջազգային ցանցի, որում գործում է 18 այդպիսի ամբիոն՝ աշխարհի 4 մայրցամաքում:  Դրանց նպատակը Ֆրանկոֆոնիայի զարգացումն է, մասնավորապես կրթական, մշակութային միջոցներով Ֆրանկոֆոնիան «առաջ» մղելը:

Պարոն Նավոյանը հայտնեց, որ ամբիոնների տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարն  անցյալ տարի Ֆրասիայում առաջարկել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան՝ հաշվի առնելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ուղղությամբ զարգացումները եւ Ֆրանսիական համալսարանի ակտիվ դերակատարությունը:

«Առավոտը» զրուցեց նաեւ  Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի միջազգային ցանցի նախագահ Միշել Գիյուի հետ, որը նախկինում եղել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտորը, ինչպես նաեւ  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբու Դյուֆի՝ կրթության, երիտասարդության եւ սպորտի գծով խորհրդական է Ֆիլիպ Կանտրեի հետ:

Պարոն Կանտրեն փաստում է, որ համաժողովը Հայաստանում անցկացնելը կարեւորում է նրանով, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ֆրանկոֆոն համալսարան է, բացի դրանից, Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամագրվելու տեսակետից: 2012-ից մեր երկիրը ՖՄԿ-ի լիարժեք անդամ է, ինչպես նաեւ ստորագրվել է լեզվական համաձայնագիր՝ ֆրանսերենը զարգացնելու ուղղությամբ: «Սա հնարավորություն է տալիս Հայաստանը նորից արժեւորել Կենտրոնական, Արեւելյան երկրներում եւ տարածաշրջանում՝ որպես ֆրանկոֆոն կրթական նոր գործընկեր ու նորարարություններ բերող երկիր: Հայաստանը Բոլոնիայի գործընթացը  ուղղորդող խմբի քարտուղարությունն  է ապահովում, ինչը եւս  տեղավորվում է Հայաստանի  միջազգային ինտեգրացիոն համատեքստում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ֆիլիպ Կանտրեն  բարձր է գնահատում Հայաստանի պոտենցիալը ֆրանկոֆոնիական  զարգացումների համատեքստում. «Հայաստանը մեզ համար կարեւոր եւ սրտամոտ երկիր է, որովհետեւ հին ֆրանկոֆոնն ավանդույթներ ունի, հիշենք թեկուզ Լուսինյանների դինաստիան: Նրանք Ֆրանսիայում երկար ժամանակ գահակալել են»: Ծագումով բելգիացի Կանտրեն նաեւ Դանիել Վարուժանին հիշեց, որը սովորել  է Գենտ համալսարանում, ապա ֆրանսիական մշակույթի հետ հայաստանի կապը շեշտելու համար հավելեց. «18-20 թթ. Հայաստանի դրամի վրա ֆրանսերեն էր գրված, դրամի նման նմուշներ կարելի է տեսնել նաեւ Մխիթարյանների թանգարանում: Ամփոփելով ասվածը՝ նշեմ, որ Հայաստանի ներկայիս դիրքը ՖՄԿ-ում թույլ է տալիս լիարժեք մասնակցել քաղաքական քննարկումներին եւ ծրագրերին»:

Դառնալով համաժողովին էլ, հայտնեց, թե  նման ժողովները  միմյանց միջեւ կապեր հաստատելու, մարդկանց կարիքներն ու հնարավորությունները ճանաչելու միջոց են, իսկ ՖՄԿ-ն  էլ մի կազմակերպություն  է, որը հարգում է միջմշակութային բազմազանությունը, աջակցում անդամ  երկրներին՝ նրանց պահանջներին համապատասխան:

Ֆիլիպ Կանտրեն առաջին անգամ էր Հայաստանում: Նա ասաց, որ տպավորված է մեր երկրով, առայժմ շատ բան չի տեսել, հայերին գիտի Սփյուռքից, թեեւ գիտակցում է, որ «դրսի» հայությունն ու Հայաստանինը տարբեր արժեհամակարգի կրողներ են:  «Հայաստանը հարազատ երկիր է: Գիտեմ ինչ է խաչքարը, Կոմիտասի ու Սայաթ- Նովայի երաժշտությունը, կուզենամ այցելել Էջմիածին եւ Մատենադարան, գիտեմ անգամ կիլիկյան ճաշատեսակ մանթին»,- ասաց նա, ապա պատասխանելով մեր հարցին, հայտնեց, թե հայկական գեն չունի, բայց գիտի, որ հայերը ջերմ ժողովուրդ են:

Միշել Գիյուի գնահատմամբ, Սենգորի անվան ամբիոնները ֆրանկոֆոն երկրներում են, իսկ նրանց գոյությունը ենթադրում է բազմավեկտոր համագործակցություն: «Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ամբիոնի առկայությունը հնարավորություն կտա ուսանողներին ֆրանկոֆոնիայի պատմության, կառույցների վերաբերյալ խորը գիտելիքներ ձեռք բերել եւ ինչու ոչ՝ մաս կազմել ֆրանկոֆոնիայի, նաեւ աշխատանք գտնել ֆրանկոֆոն միջազգային կառույցներում»,- ասաց նա:

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքը ֆրանկոֆոնիական քարտեզին եւ Հայաստանի պոտենցիալը: «Ֆրանկոֆոնիան 77 երկրների համագործակցություն է, որոնք ֆրանսերեն են խոսում եւ համագործակցում: Այս երկրները, որոնք ֆրանկոֆոն են կամ ֆրանկոֆիլ, իրենց բնական տեղն ունեն այդ քարտեզի վրա: Ֆրանկոֆոնիան Հայաստանում այլեւս իրականություն է: Հենց նույն Լիոնում, որտեղ ես եմ ապրում, 150000 հայերի առկայությունն արդեն ֆրանկոֆոնիա է»,- շեշտեց պարոն Գիյուն:  Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան նշեց, որ իրենց համալսարանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնը ուրախ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովը:

Նրա խոսքով, այն, որ Սենգորի անվան ամբիոն տարածաշրջանում միայն Հայաստանն ունի, արդեն իսկ Ֆրանկոֆոնիայի խթանման եւ զարգացման եւս մեկ միջոց է: «Ես որպես ռեկտոր ամեն ինչ անում եմ այդ ամբիոնը հնարավորինս աշխուժացնելու համար: Այն դեռ  երիտասարդ ամբիոն է, որը վերջնականապես չի կոնկրետացրել իր բնույթը՝ լինելու է դասավանդմա՞ն, թե՞ հետազոտական ամբիոն: Այս միջոցառումներից հետո  հաջորդ քայլը կլինի մեր ամբիոնի բնույթի կոնկրետացումը: Կարծում եմ՝ մենք կգնանք տնտեսական ֆրանկոֆոնիայի ուղղությամբ եւ կաշխատենք  հնարավորինս ուժեղացնել Կենտրոնական Եվրոպայում մեր  կապերը:  Կարեւորելով մշակութային ֆրանկոֆոնիան, այնուամենայնիվ մենք ուզում ենք մասնագիտանալ տնտեսական ֆրանկոֆոնիայի բնագավառում»,- նշեց ռեկտորը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում`  Կառավարման ֆրանկոֆոն ինստիտուտի ռեկտոր Մարիա Նիկուլեսկուն, Ալեքսանդրիայի Սենգորի համալսարանի ռեկտոր Ալբերտ Լուրդը, Ֆիլիպ Կանտրեն, Ժան-Ժակ Մոնտուան եւ Արայիկ Նավոյանը:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930