Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքգյոզյանի վեպը՝ Երեւանում ողջ մնացածներին

Նոյեմբեր 02,2013 14:07

Այլեւս հանրության սեփականությունն է վավերագրող Հովհաննես Թեքգյոզյանի հերթական՝ «Մաշկացավ» վեպը:

Հեղինակի նախորդ 4 գրքերում՝ «Փայտե շապիկ», «Ապակուարե», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաք», առկա են ստեղծագործողի ոճային եւ թեմատիկ տարբերությունները:

Արվեստագետը միստիկ զգացողություններից սահուն անցում է կատարում դեպի վավերագրություն: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ Հովհաննես Թեքգյոզյանն ասաց. «Ժամանակակից արվեստը, ըստ իս, վավերագրություն է, որը ժխտում է գեղարվեստ կոչվածը, որովհետեւ վերջինս մարդու ներքին կյանքն ու քաղաքացիական դիրքորոշումը կոծկելու լավագույն ձեւն է»: Ստեղծագործողի խոսքերով՝ իր երկերը մեկը մյուսի շարունակությունն են, երկրում տեղի ունեցածի վավերագրությունն ու, ինչու չէ՝ գուշակությունը: Գրողը պնդում է, որ Երեւանն ասես փակ շրջանում հայտնված, անվերջ նույն  ռիթմով գոյատեւող օրգանիզմ է:

Խնդրեցինք՝ փոքր-ինչ ներկայացնել «Մաշկացավը»:

«Դժվար է վերադառնալ այնտեղ, որտեղ քեզ սպանել են: Մյուս կողմից՝ վերադարձի դեպքում է հնարավոր պարզել քո սպանության մանրամասները»,- հայտնեց գրողը: Ռեպլիկին՝ սպանությունը չակերտո՞ւմ, թե՞…, Թեքգյոզյանն ասաց. «Այս դեպքում՝ առանց չակերտի, քանի որ վեպում հերոսներիցս մեկին՝ կատվին, միջավայրը սպանեց իր անհանդուրժողականության համար…»:

Օրինակ, իրեն ինչո՞վ է նեղում մեր քաղաքը:  Պարզեցինք, որ Թեքգյոզյանին նույնիսկ հետաքրքիր է ապրել այս քաղաքում հասկանալի պատճառով. ամեն օր ու ամեն քայլափոխի  վավերագրողը հանդիպում է իր ապագա հերոսներին: «Իհարկե, գրում եմ այն ամեն ինչի մասին, որոնց առիթով ցավ եմ ապրում եւ ամենացավալին այն է, որ դա տալիս է հենց ինքը՝ Երեւանը: Օրինակ, նոր հրատարակված վեպիս գլխավոր կերպարներից մեկը քյարթու տղա  է, ում անվանել եմ Հռոմեական աստծո կիսադեմով երիտասարդ: Երբ նա գնում է Շահումյանի արձանի մոտ կանգնած պոռնիկների մոտ,  նկատում է, որ Շահումյանը հագել է Մյասնիկյանի արձանի շինելը… Եթե միտքս կարճ ձեւակերպեմ՝ Երեւանը «դրվագային» քաղաք է, միջավայր, որտեղ ամեն ինչ  ու բոլորը «հագնում» են իրար, ստեղծելով ցաքուցրիվ երեւույթներ, որոնք հաճախ օդից կախված են մնում՝ դառնալով անկառավարելի»:

Հեղինակն իր «Մաշկացավ» վեպը նվիրել է «բոլոր նրանց, ովքեր դեռեւս ողջ են մնացել Երեւանում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930