Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Լու Ռիդը

Նոյեմբեր 02,2013 14:05

Velvet Underground-ի առաջատար եւ ռոքի նորարար, լեգենդար Լու Ռիդը մահացել է հոկտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում: Նա 71 տարեկան էր: Երաժշտի մահվան պատճառը դեռեւս հայտարարված չէ, սակայն մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Լու Ռիդը լյարդի փոխպատվաստման վիրահատություն էր տարել: Այն ժամանակ նրա կինը` Լորի Անդերսոնն ասել էր, թե մինչեւ վիրահատությունը Ռիդը «մահանում էր»: Վիրահատությունից հետո Ռիդը հայտարարել էր, թե ինքն իրեն «ավելի մեծ եւ ավելի ուժեղ է զգում» եւ անհամբեր սպասում է բեմ վերադառնալուն:

Լյուիս Ալան (Լու) Ռիդը ծնվել էր 1942-ին Բրուքլինում: Քոլեջն ավարտելուց հետո նա աշխատել է որպես երգերի հեղինակ Pickwick Records ընկերության համար, որի հետ նա նույնիսկ փոքր հիթ է ունեցել 1964-ին` երգ, որ կոչվում էր The Ostrich”: 60-ականների կեսերին նա ընկերանում է ուելսցի երաժիշտ Ջոն Քեյլի հետ: Քեյլը դասական կրթություն ստացած ալտահար էր, ով ելույթներ էր ունեցել փորձարար մինիմալիստ կոմպոզիտոր Լա Մոնթե Յանգի հետ: Ռիդն ու Քեյլը հիմնում են Primitives խումբը, որն այնուհետեւ վերանվանում են The Warlocks: Կիթառահար Սթերլինգ Մորիսոնին եւ հարվածահար Մորին Թաքերին հանդիպելուց հետո նրանք դառնում են Velvet Underground: Խմբի «հում» հնչողությունը եւ մռայլ տեսքը գրավում են փոփ արտի արքա Էնդի Ուորհոլի ուշադրությունը եւ նա խումբն իր թեւի տակ է առնում: Velvet Underground-ի դեբյուտային ձայնասկավառակը` The Velvet Underground & Nico-ը լույս տեսավ 1967-ին եւ կոմերցիոն տեսանկյունից չափազանց անհաջողակ էր: Նմանատիպ ճակատագիր ունեին նաեւ խմբի հաջորդ ձայնասկավառակները` 1968-ին թողարկված White Light/White Heat-ը, 1969-ի The Velvet Underground-ը եւ 1970-ի Loaded-ը: Չնայած դրան, այսօր` շուրջ կես դար անց, Velvet Underground-ը համարվում է ռոքի պատմության մեջ խոշոր ազդեցություն թողած խմբերից մեկը, որը ոչ միայն ընդլայնեց ռոք երաժշտության սահմանները, այլ նաեւ ճանապարհ բացեց փորձարարական ռոքի համար եւ փանք ու ալտերնատիվ ռոքի սաղմերը ցանեց: Մի շարք հանրահայտ խմբեր եւ երաժիշտներ, որոնց թվում են Փաթի Սմիթը, The Stooges-ը, Դեւիդ Բոուին, The Pixies-ը, Sonic Youth-ը, Television-ը եւ շատ ուրիշներ, նշել են Velvet Underground-ը որպես նրանց վրա կարեւոր ազդեցություն թողած խումբ:

Velvet Underground-ի կազմալուծումից հետո Լու Ռիդը բազմազան եւ բեղմնավոր սոլո կարիերա ունեցավ` շարունակելով նոր երաժշտական տարածքներ բացահայտել: Նրա վերջին սոլո ձայնասկավառակը 2007-ին թողարկված Hudson River Wind Meditations ալբոմն էր: 1987-ին Rolling Stone ամսագրին տված հարցազրուցում Լու Ռիդը այսպես էր ասել իր ձայնագրությունների մասին. «Այս ամենից հետո, ես միշտ մտածել եմ, որ եթե մտածես այս ամենի մասին` որպես գրքի, ապա կունենաս Մեծ Ամերիկյան Վեպը՝ յուրաքանչյուր ձայնագրություն որպես դրա գլուխ: Դրանք բոլորը ժամանակագրական հերթականությամբ են: Դու վերցնում ես դրանք բոլորը, շարում ես եւ հերթականությամբ լսում ես. դա է իմ Մեծ Ամերիկյան Վեպը»:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930