Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա հյուրընկալ տան դուռը չփակվեց երբեք

Նոյեմբեր 02,2013 14:03

Ծովակ Համբարձումյանի հիշատակին

Հանրահայտ ճշմարտություն է՝ երկրային կյանքից հեռանալը դեռ վախճանը չէ. մարդն ապրում է այնքան, քանի դեռ հիշում ու սիրում են նրան։ Ու այսօր մտերիմներից շատերն անգամ ստույգ չեն հիշում, թե ե՞րբ ծանր բոթը շանթահարեց ամենքին՝ «Ծովակ Համբարձումյանը է՛լ չկա»։ Մեծ երեւանցին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան, բազմաթիվ մրցույթ¬փառատոների դափնեկիր, դաշնակահար, հրապարակագիր, թանգարանագետ, երգիծաբան, հուշագիր Ծովակ Համբարձումյանի անակնկալ մահը ցնցել էր բոլորին, բայց ընտանիքին հարազատ դարձած մարդիկ գիտեին, որ վերջին հրաժեշտով չի ավարտվում այն մեծ կյանքը, որ արարումով էր լի։ Եվ շատերի համար նվիրական դարձած նրա հյուրընկալ տան դուռը չփակվեց երբեք, ու ոչ էլ այդ դուռը թակողները նվազեցին։ Ամուսնու ընկեր-բարեկամներին հավասարաչափ իր մտերիմը համարող կինը՝ Լիլիկ Սարգսյանը, բոլորին իր հոգու ջերմությունից բաժին հանող Նունե դուստրը շարունակեցին Համբարձումյան օջախի ավանդույթները։ Ամեն տարի առնվազն երկու օր՝ Ծովակ Բագրատովիչի ծննդյան  ու մահվան օրերին, մի լուռ կանչով ու ներքին մղումով (առանց նախապես պայմանավորվելու, առանց ժամ ճշտելու) հավաքվում են բոլորը՝ խնկարկելու Նրա թանկ հիշատակը։ Ու ինչպես ինքն էր հումորով ընդունում¬ճանապարհում բոլորին, այդ հավաքներում նույնպես թեւածում են ծովակյան նուրբ եւ դիպուկ կատակները։ Ծովակյան հումորը…

Այդպես՝ ամեն տարի։ Սակայն 2013¬ը այլ խորհուրդ ունի. Ծովակ Համբարձումյանն այս տարի կդառնար 90 տարեկան։ Ինքը չհասցրեց անձամբ վայելել այդ հոբելյանը, բայց նրա բարեկամները գեղեցիկ երեկո էին կազմակերպել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Խորհրդանշական էր, որ հանդիսությունն անցկացվեց Ծ. Համբարձումյանի մտերիմ ընկերոջ՝ Առնո Բաբաջանյանի անունը կրող գողտրիկ համերգասրահում։ Խորհրդանշական էր նաեւ, որ  ոչ միայն շուրջ  300 հանդիսատեսներն ու ելույթ ունեցողներն էին հոբելյարի երկրպագուները, այլեւ երգիչ¬երաժիշտ կատարողները։  Վերջիններս արվեստի նվիրյալ Ծովակ  Համբարձումյանի սաներն ու նրանց սաներն էին։

Անչափ դիպուկ ու ասես բոլորի հոգուց արձակված կանչ էր հոբելյանական  երեկոյի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ վարող,  ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի խոսքը. «Ինչո՞ւ եք ողջերին մեռածների մեջ որոնում». Հիսուս Քրիստոսի այս տիեզերական պատգամն ընդունելով որպես այսօրվա խորհուրդ, միանշանակ ընդունենք, որ  այս երեկո մեզ հետ, մեր կողքին է անկրկնելի, միշտ առույգ եւ կենսասեր, միշտ  երիտասարդ, 90-ամյա Ծովակ Համբարձումյանը։

Բեմի խորքում տեղադրված էկրանից դահլիճում հավաքվածները կրկին վայելում էին Ծ. Համբարձումյանի կենդանի ներկայությունը՝ լսելով տարբեր տարիների նրա ելույթների, նրա ստեղծագործությունների կատարումների տեսագրությունները։

Ինչպես միշտ, այդ երեկո նույնպես անկեղծ ու անմիջական էր մշակույթի վաստակավոր գործիչ, պետկոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի խոսքը. «Այսօր մենք մեծարում, հիշում ենք մի մարդու, ով կոլորիտն ու սիմվոլներից  մեկն էր մեր քաղաքամայր Երեւանի. Ծովակ Բագրատի Համբարձումյանին։ Նրա նման մարդիկ, արվեստի նվիրյալները, քաղաքացի¬մտավորականները պակասում են մեզանում։ Կարծում եմ՝ ով առնչվել է նրա հետ՝ ծանոթ, հարազատ, ուսանող թե գործընկեր, յուրաքանչյուրն իր սրտի մի անկյունում փայփայում է սերն ու հարգանքը Ծովակ Համբարձումյանի նկատմամբ»։

Ջերմ ու հոգեբուխ էին նաեւ քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի, թատերական գործիչ, դերասան եւ ռեժիսոր, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Երվանդ Մանարյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Երեւանի պետ. կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանի, արվեստի վաստակավոր գործիչ,  պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի ելույթները։

Մեծ երեւանցու, ճշմարիտ արվեստագետի հանդեպ սերն իրենց կատարումներով արտահայտեցին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի Ալվարդ Միրզոյանը, ճանաչված երգչուհի Ռուզան Ավետիքյանը, կոնսերվատորիայի խոստումնալից ուսանողներ Սարգիս  Բաժբեուկ¬Մելիքյանը եւ Ջուլիետա  Ալեքսանյանը, Ս. Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնի պարուհիները։

Հոբելյարի այրին՝ Լիլիկ Սարգսյանը եւ դուստրը՝ Կոնսերվատորիայի նվագակցության ամբիոնի դոցենտ Նունե Համբարձումյանը դժվարանում էին զսպել հուզմունքն ու ուրախությունը։ «Միշտ հպարտ եմ եղել՝ Ծովակի նման անհատի կողքին ապրելուս համար։ Դա եւ՛ դժվար էր, եւ՛ մեծ պարգեւ։ Ու նաեւ անչափ պարտավորեցնող էր։ Նա անտարբեր չէր որեւէ մեկի հանդեպ։ Հատկապես որոշակի շնորհներով օժտված երիտասարդներին նա առանձին հոգատարությամբ էր վերաբերվում։ Եթե Ծովակը տանն էր, մենք միշտ հյուրեր էինք ունենում։ Տանել չէր կարողանում կեղծիքը. նրա ներկայությամբ ոչ մեկը չէր կարող իրեն կեղծել։ Այնպիսի մեծություններ էին մեզ այցելում, ինչպիսիք էին Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը… Նախկինում այս օջախի մտերիմ բարեկամներ են եղել Եղիշե Չարենցը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, որոնց հետ իր մոր՝ նկարչուհի Աղավնի Մեսրոպյանի բարեկամությունը խորը հետք էր թողել Ծովակի հիշողություններում։ Այսօր էլ հպարտ եմ նրանով եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր սիրով մասնակցում են նրա 90-ամյա հոբելյանին։ Շնորհակալ եմ հատկապես ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ով ոչ միայն աջակցեց գեղեցիկ այս երեկոյի կայացմանը, այլեւ իր ներկայությամբ հավաստեց հարգանքը Ծովակի հանդեպ։ Շնորհակալություն նաեւ Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ  Մանասյանին, ով սիրով ու պատրաստակամորեն ստանձնեց կազմակերպչական դժվարին գործը»,¬  ասում է Լիլիկ Սարգսյանը։

Իսկ Նունե Համբարձումյանը հավելում է. «Ես եւս  հպարտ եմ՝ նրա նման հայր ունենալու համար։ Շատ դժվար է առանց հայրիկի. նրա բացակայությունը մեզ շատ է խանգարում։ Իր խորհուրդներով մենք ավելի հանգիստ էինք ապրում։ Փոխարենը՝ այսօր հպարտ ենք, որ նրա անունն ու գործը չեն մոռացվել։ Հայրիկը իրեն շիտակ մարդկանցով էր շրջապատել, եւ այսօր նրանց ներկայությունը լավագույն գնահատականն է, հարգանքի տուրքը՝ հորս հիշատակին»։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930