Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի համաշխարհային շնորհանդեսը

Նոյեմբեր 02,2013 09:56

Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգների համաշխարհային շնորհանդեսը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:SAM_9269

Պատարագը նվիրվում էր 19-րդ դարի երգահան, խմբավար Քրիստափոր  Կարա-Մուրզայի 160-ամյակին: Կարա-Մուրզան մշակել է ինչպես մի շարք ժողովրդական, այնպես էլ համաշխարհային երգեր: Նա  նաև կազմավորել է առաջին հայկական քառաձայն երգչախումբը: Կարա-Մուրզայի պատարագը առաջին հայկական քառաձայն պատարագն է, որի ձեռագիրը տարիներ շարունակ համարվել է կորած: Պատարագը առաջին անգամ հնչել է 1887 թվականին Բաքվի սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ 1892 թվականին՝ Էջմիածնում, Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի կապակցությամբ:

Պատարագի խմբագիր Գրիգոր Փիթեջյանը Aravot.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ բերկրանք է ապրում և վայելում է իր աշխատանքի արդյունքները. «Գիտեի՝ Քրիստափոր Կարա-Մուրզան մեր հայ երաժշտական մշակույթի մեծ դեմքերից է եղել, սակայն այժմ շատ քչերն են հիշում նրա անունը»:

Գրիգոր Փիթեջյանը նշեց, որ վստահ է եղել, որ Քրիստափոր Կարա-Մուրզան ավելի շատ ստեղծագործություններ է ունեցել, քան մինչև այդ հրապարակված 40 երգերը և երգչախմբային գործերը: 2007 թվականին պարոն Փիթեջյանը, ցանկանալով գիրք գրել Կարա-Մուրզայի մասին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պահոցում փնտրել է կորած գործերը և գտել է պատարագը և մի շարք աշխարհիկ երգեր: Սակայն ձեռագրում ներառել է միայն երգչախմբային հատվածները, որը և Գրիգոր Փիթեջյանը խմբագրել է՝ 17 էջից բաղկացած ձեռագիրը վերածելով 80 էջանոց գործի:

Բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգների գեղարվեստական ղեկավար և խմբավարն է Հարություն Թոփիկյանը, մենակատարներն են Սեյրան Ավագյանը, Թամարա Մոսինյանը, Վահագն Վարդազարյանը, Մաքրուհի Խաչատուրյանը և Արտակ Մելքոնյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիանալի է, որ կատարվեց հայկական առաջին բազմաձայն պատարագը: Լավ կլինի, որ կատարվի, նաև, հայկական առաջին և առայժմ միակ ,,Մագնիֆիկատ,,-ը, գրված` 1982թ. Հարգանքով` Մարիամ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930