Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի պատասխանը. «Չեմ կարծում, որ 2,5 ժամ տեւած նիստի մանրամասները պետք է սղագրած տեսքով ներկայացնեմ»

Նոյեմբեր 01,2013 23:31

Այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի` այդ կառույցին միանալուն. «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»:

Ավելի ուշ  Aravot.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեց` նիստի ժամանակ ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ անդամների կողմից նախագահ Սարգսյանին ուղիղ հարց տրվե՞լ է Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյի այն հայտարարության վերաբերյալ, ով ասաց, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության պարագայում պետք է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի շահերը եւ Ղազախստանի նախագահի` ՄՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ արած հայտարարության մասին: «Ես ասացի, որ մեր խորհրդի նիստում բազմաթիվ հարցեր են քննարկվել` սկսած 2014 թվականի բյուջեի նախագծից, մինչեւ ՄՄ-ին անդամակցությանը եւ Վիլնյուսի գագաթաժողովին վերաբերվող, պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, բարեփոխումների անցկացման եւ այլն: Չեմ կարծում, որ 2,5 ժամ տեւած նիստի մանրամասները պետք է սղագրած տեսքով ներկայացնեմ: Այն, ինչը որ էական էր, ես ձեզ ներկայացրեցի»:

Aravot.am-ի հաջորդ հարցը` արդյոք քննարկվել եւ հստակեցվել են Վիլնյուս մեկնող ՀՀ պատվիրակության կազմին վերաբերվող հարցեր, այն նախագա՞հը կգլխավորի, Շարմազանովն ասաց, որ նման քննարկում չի եղել եւ ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, իբրեւ լիազորված անձի, այդ առիթով տված պարզաբանումներին ինքն ավելացնելու բան չունի:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարոն Մնացականյանն ասել էր, որ պաշտոնական Երևանը նոյեմբերի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստացել է. «Մենք մտադիր ենք ամենալուրջ մակարդակով մասնակցել, հնարավորինս բարձր ներկայանալի մակարդակով»:

Նա չհստակեցրեց ինչ ասել է՝ «ամենալուրջ  մակարդակը»: Նա չարձագանքեց նաեւ այն մեկնաբանություններին, որ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության այս գործընթացում կան մեկնաբանություններ, որ Մոսկվան փորձում է խոչընդոտել վիլնյուսյան գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությանը:

Շարմազանովը հիշեցնում է Մինսկի հանդիպումից հետո ՌԴ նախագահի արած այն հայտարարությունը, որ իրենք կողմ են Հայաստանի` ՄՄ-ին անդամակցությանը եւ նախատեսվում է ճանապարհային քարտեզ, որը, հավանաբար, արդեն դեկտեմբերին պատրաստ կլինի: Շարմազանովը վերահաստատում է ՀՀԿ-ի դիրքորոշումը, որ ՄՄ-ին անդամակցումը եւ ԵՄ-ի հետ երկխոսության ու քաղաքական բարեփոխումների անցկացումը միմյանց ոչ թե հակասող, այլ փոխլրացնող գործընթացներ են:

Նա շատ կարեւոր է համարում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի այսօր արած այն հայտարարությունը, որ Եվրոպայի դռները Հայաստանի առջեւ երբեք չեն փակվել ու չեն փակվի:

«Ուրախ ենք, որ մեր քաղաքականությունը լիարժեք ըմբռնում ունի թե մեր եվրոպացի գործընկերների, թե ռուսաստանցի գործընկերների մոտ: Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերություններն առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, ապա` քաղաքական բարեփոխումների օրակարգով հարաբերությունները խորացնել եվրոպական կառույցների հետ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930