Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանյանի քրոջ որդին թքել է ակտիվիստի թղթի վրա, հետո մի կողմ նետել․ Պատմում է Կարո Եղնուկյանը

Նոյեմբեր 01,2013 22:55

«Փակ շուկայի հարցը փակված չէ»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է

Նախախորհրդարանի անդամ, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը:

Իրենց հասցեին ուղղված քննադատություններին էլ, թե արդեն ասելիքի դեֆիցիտ ունեն, հակադարձում է. «Մեր ասելիքը հստակ է՝ պատժել օրենքը խախտողներին եւ վերականգնել շուկան: Երկուսն էլ իրագործվող հարցեր են: Այնպես չէ, որ չեն կարող պատժել հանցագործին: Շուկան, որպես պատմամշակութային կոթող, ձեւափոխելը քրեորեն պատժելի արարք է, այս դեպքում ինչպես կարող է շուկայի հարցը փակվել:

Իրենք ուզում են, որ հարցը փակվի, բայց շուկայի հարցը չի կարող փակվել: Եթե մի աղջկա բռնաբարում են, ասում են՝ լավ բռնաբարել են, վե՞րջ, էլ չխոսե՞նք էդ դեպքի մասին: Պահանջում ենք՝ պատժել օրենքը խախտողներին, բռնաբարողներին եւ վերականգնել շուկան»:

Պարոն Եղնուկյանը չի ցանկանում անդրադառնալ Սամվել Ալեքսանյանի աջակից, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համեմատությանը, որով ակտիվիստներին համեմատել էր մարմնավաճառների հետ:

Հիշեցնենք՝ պարոն Սուրենյանցն ասել էր. «Մասիվում երեխա են ծեծում, երեք-չորս հոգով մոտենում են շուկային, քար են նետում՝ փորձելով հանրային ուշադրությունը գրավել իրենց վրա: Սա հին տեխնոլոգիա է, այնքան հին, ինչքան պոռնկությունը: Եթե այս մարդիկ որոշել են հին մասնագիտություններին վերադառնան, Ծերեթելի փողոցի վրա շատ հարմար տեղ կա նրանց կայանելու համար»:

«Այդ արտահայտությունները ցույց են տալիս իրենց մակարդակը եւ վկայում են իրենց արածները: Պատասխանել նրանց իրենց լեզվով, չեմ փորձի, որովհետեւ նրանք արժանի չեն: Ես իրենց մակարդակին չեմ իջնի: Ամեն ցույցի ժամանակ ամեն ինչ անում ենք, որ խուսափենք բախումներից: Իսկ Ալեքսանյանի աջակիցները` հակառակը. ամեն ինչ անում են, որ ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ մեզ հունից հանեն՝ մոտենալով մեր խմբին, սադրում են, առանձին անձանց հայհոյում: Մեր ակտիվիստների հետեւից կաղիններ ու քարեր են նետում: Մենք նկարահանել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մեզ հետեւող Ալեքսանյանի աջակիցները՝ հաղթանդամ տղամարդիկ, մոտենում էին այն անձանց, ում տվել էինք մեր թղթերը, նույնիսկ լսողներ են եղել, որ երեխաներին ասում էին՝ այդ թղթերը թունավոր են, կթունավորվեք, նետեք, իսկ տարեցներին ասում էին՝ մենք Եհովայի վկաներ ենք, հորդորում չլսել մեզ: Ես ականատես եղա նաեւ մի դեպքի, երբ մեր շարքերում գտնվող մի կին՝ առանց իմանալու, պատահաբար թղթերից տալիս է նաեւ Ալեքսանյանի քրոջ որդուն, վերջինս քմծիծաղում է, թղթի մեջ թքում ու նետում մի կողմ: Ինչ վերաբերում է Սուրենյանցին, նա ոչ ադեկվատ մարդ է»:

Պարոն Եղնուկյանը նաեւ մտահոգված է, որ ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումներից. «Սադրանքները, խուլիգանությունները ակտիվիստների նկատմամբ չեն դադարում: Վախեցնելու, սպառնալու փորձեր են արվում, մեքենաներով հետեւում են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930