Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները սպառնացել են այրել խաղողի մասնավոր այգիները

Նոյեմբեր 01,2013 22:41

Վերջերս Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիները խուճապի մեջ էին. նրանք մտավախություն ունեին, որ իրենց խաղողի բերքը չի իրացվի, քանի որ այդ տեղանքում կան խաղողի մասնավոր այգիներ,որոնք խոշոր արտադրողներին են պատկանում:

Օրեր առաջ աղավնաձորեցիները նույնիսկ փորձել են խոչընդոտել մասնավոր այգիների բերքահավաքը, սպառնացել են այրել այգիները, ու թեեւ այս պահին խնդիրը հարթվել է, սակայն վերջնական չի լուծվել, եւ չի բացառվում, որ եկող տարի էլ գյուղացիները նման քայլերի դիմեն: Բանն այն է, որ երկար տարիներ այս համայնքից էին գինու խոշոր արտադրողները խաղող գնում, բերքը քիչ էր, պահանջարկը՝ շատ, գյուղացիներն էլ իրենց պայմաններն էին թելադրում:

Այս տարի, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երբ արտադրողներն իրենց այգիներից արդեն լավ ու մեծ քանակությամբ բերք ստացան, ինչը չէր ստացվում նախորդ տարիներին, գյուղացիները, պարոն Հարությունյանի խոսքերով ասած` «պանիկայի» մեջ ընկան: Սակայն արտադրողներին սեփական այգիներ ունենալը ձեռնտու է ոչ միայն բերքի ինքնարժեքի համար, այլեւ` խաղողի որակի ու համապատասխան որակի, քաղցրության համար:

Բայց, երբ գյուղացիները բողոքի ալիք էին բարձրացրել, կառավարությունը, գյուղնախարարությունը, պարոն Հարությունյանի ներկայացմամբ` համոզեցին ու խնդրեցին արտադրողներին գյուղացիների բերքը գնել, ինչը եւ արվեց: Խնդրի այս տարբերակով լուծումն, ընդամենը սեզոնային է, պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ մյուս տարի խնդիրն ավելի սուր կլինի:

«Սա 2-րդ դեպքն է, որ գյուղացիներին թողնում են մենակ, նրանք էլ անզորությունից նման բան են  անում: Եկող տարի խնդիրը կկրկնվի, եթե մարտ-ապրիլ ամիսներին գյուղացիներին հստակ չասվի, թե իրենցից ինչ են սպասում ու ինչ որակի բերք աճեցնեն, ու մոտավորապես ինչ գնով կկգնվի այն: Գյուղնախարարությունը պետք է ոչ թե սեպտեմբեր-հոկտեմբերին աշխատի գյուղացիների հետ, ու այն էլ՝ անիմաստ, այլ` ավելի շուտ: Նախարարությունը պետք է պոտենցիալ արենի գնողների ու գյուղացիների հետ բանակցի, այսինքն, տարբեր կողմերից ներկայացուցիչներ լինեն եւ որոշման գան, թե ինչ քանակությամբ, ինչ քաղցրության ու ինչ գնի խաղող է պետք, եւ երբ պետք է բերքահավաքը լինի»,-ասաց պարոն Հարությունյանը:

Մեր այն հարցին, արդյոք գյուղացու համար շատ մեծ ծախս է արտադրողների ուզած խաղողն աճեցնելու համար, պարոն Հարությունյանն ասաց, որ մոտ 10-15%-ով ավել ծախս կանեն, բայց հետագայում խնդիրներ չեն ունենա. դրա համար գյուղացուց ընդամենը պահանջվում է, ըստ պարոն Հարությունյանի, բերքահավաքից մեկ ամիս առաջ, այսպես ասած` մեկ ջուր պակաս ջրել այգիները, որով նաեւ խնայողություն կանեն, ու էլի որոշ բաներ. «Փոխարենը իրենք լավ որակի խաղող կունենան, իրացման գինն էլ մի քիչ բարձր կլինի: Ախր պետությունն էլ արտադրողի կողքին չի կանգնում: Մեզ համոզում է գնել այդ խաղողը, որ գյուղացու մոտ չմնա, մյուս կողմից էլ այդ խաղողի կարիքը տվյալ պահին չկա: Այսինքն`արտադրողին որոշակի արտոնություններ չի տալիս կառավարությունը: Տեսեք` խաղողի օղի կարող են արտադրել խոշորները, փոքրերը, որպեսզի արտադրեն, պետք է տարեկան 15 միլիոն դրամ տուրք վճարեն: Սա բերում է նրան, որ փոքրերը վատ խաղողով կարող են արտադրություն անել, վերամշակման մնացորդները կամ թափում են, կամ էժան գներով խոշորներին են տալիս: Եթե փոքրերին արտոնություն տան, այդ վատ գինին կվերածեն լավ օղու, բացի այդ, գյուղացիներից ավելի շատ խաղող կգնեն: Հիմա ասենք`գյուղացին ունի իքս քանակության խաղող, ասում ենք լավացրու որակը` կառնենք, բայց ինքը շատ ցածր որակի խաղող է ժառանգություն ստացել, եւ այդ բերքի հենց  20-30% է  մտահոգում գյուղացուն, գնորդ չկա: Եթե կառավարությունը թույլ տա փոքր արտադրողներին սիմվոլիկ տուրքով արտադրություն անել, ինչպես մրգային օղիների տարբերակում է, ապա գյուղացիները պանիկայի մեջ չեն ընկնի. վստահ կլինեն, որ ցածր որակ կլինի` կգնեն, բարձր կլինի` էլի գնորդ կլինի»:

Aravot.am-ի այն հարցին, փորձե՞լ է գինեգործների միության նախագահը այս խնդիրը լուծելու համար եւ այս առաջարկով աշխատելու համար դիմել համապատասխան մարմիններին, պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ տարբեր տրամաչափի պաշտոնյանների հետ քննարկումներ եղել են, արդյունքում, ոլորտի պատասխանատուները ցանկություն չունեն տեղից շարժվել ու մի գործ ավել անեն: Պարոն Հարությունյանի պատմելով` «Ասել են` «գիտեք ի՞նչ, բարդանում է մեր աշխատանքը, լրացուցիչ պետք է գործ անենք, հետեւենք այդ ամենին, մոնիտորինգ անենք»: Բա իրենց գործի անունն էլ դա է: Չեն ուզում լրացուցիչ աշխատանք անել: Իսկ գյուղացին մշտապես վախ ունի, որ իր բերքը չի իրացվի»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930