«Այս բյուջեն մեր երազանքների բյուջեն չէ, բայց սա իրատեսական բյուջե է: Մենք այս բյուջեով բարձրացնում ենք աշխատավարձերը, կենսաթոշակները: Այս բյուջեն իր կառուցվածքով լիարժեք կարելի է համարել սոցիալական բյուջե, որովհետեւ հատկացումների 47 տոկոսը ուղղված է սոցիալական ոլորտին»,- այսօր ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նիստերի ընթացքում քաղաքական մեծամասնության ղեկավար մարմնի քննարկմանն է դրվել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը հավանության է արժանացել:
Խոսելով պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի շուրջ առաջացած աղմուկից եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը հրաժարվեն իրենց աշխատավարձից, Շարմազանովն ասաց. «Ես դա իրատեսական չեմ համարում: Նաեւ՝ բարձրաստիճան պաշտոնյաները միայն տասը տոկոսն են կազմում: Օրենքը տարածվում է շուրջ 270 պետական ծառայողի վրա, որոնց 90 տոկոսը ուսուցիչներ են, առողջապահական ոլորտի աշխատողներ են, ուժային կառույցների աշխատողներ են, պայմանագրային զինծառայողներ են, ովքեր օր ու գիշեր ծառայում են մեր երկրին: Բարձրացումը դրական միտում է երկրում աղքատության դեմ պայքարում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ