ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի մոտ երեք ժամ տեւած նիստերում այսօր հրաժարականների հարցեր չեն քննարկվել, ինչպես որ շրջանառվում էր ողջ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, խոսքը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի հարցի մասին է:
Նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկվել է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը, 2014 թվականի բյուջեի նախագիծը եւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը վերաբերվող որոշ հարցեր:
Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակին վերաբերվող օրենքի նախագիծն անցած քառօրյայում բուռն քննարկումների առիթ տվեց, հատկապես, գործազրկության 18 հազար դրամ նպաստները վերացնելու նախագծին խորհրդարանականների դրական արձագանքի ֆոնին:
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանը նիստում իր տպավորություններն է կիսել Մինսկի հանդիպումից, որը կայացավ անցած շաբաթ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Մինսկում կայացած Մաքսային միության անդամ երկրների հանդիպման ժամանակ փաստաթուղթ ստորագրվեց, համաձայն որի Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որեւէ հայտարարությունից եւ գործողությունից: Հաշվի առնելով Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազային եւ հետագայում դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ՝ կողմերը եկել են մի շարք փոխհամաձայնությունների: Այս փաստաթղթով Հայաստանին նաեւ իրավունք է տրվում ստանալ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմնի կողմից ընդունված փաստաթղթերը, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում:
Շարմազանովն ասաց, որ Մինսկի հանդիպումից հետո Մաքսային միության անդամ երկրների նախագահները կողմ են արտահայտվել Հայաստանի` այդ կառույցին միանալուն: «Ավելին` պետք է ասեմ, որ անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ մինչ այդ թե Բելառուսի նախագահը, թե Ղազախստանի նախագահը իրենց վերապահումներն էին բարձրաձայնել: Լուկաշենկոն, մասնավորաբար, ասել էր, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պարագայում պետք է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի շահերը: Իսկ Նազարբաեւը հայտարարել էր,որ Թուրքիան եւս ցանկություն ունի դառնալ ՄՄ անդամ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոտ ժամանակներս կպարզվի, որ սա ևս ֆուտբոլային դիվանագիտություն է,՝ սակայն մեկ այլ դաշտում: Իսկ կողմերից մեկը, ինչպես միշտ՝ կհայտնվի գնդակի դերում: