Մատենադարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների ամենամյա, արդեն 7-րդ համաժողովի բացման արարողությունը:
Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:
«Բանահյուսություն և գրականություն. թարգմանական բանավեճ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ ԱՊՀ և Բալթյան երկրներից:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքերով` ամենամյա այս համաժողովը տարեցտարի զգալի աճ ու զարգացում է գրանցում` ընդարձակելով գործունեության սահմանները: Նա նաև ասաց, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի ճարտարապետների տանը կանցկացվի «Ֆոլքարտորիում», որն իրենից ներկայացնում է Հերիքնազ Գալստյանի (Հայաստան) և Տատյանա Դանիլյանցի (Ռուսաստան) աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև հայկական ազգագրական պարեր ներկայացնող արար, որում կներգրավվեն նաև համաժողովի այլազգի մասնակիցները:
Կարդացեք նաև
Համաժողովի համակարգող Լիլիթ Մելիքսեթյանն էլ հավելեց, որ համաժողովի շրջանակներում կանցկացվեն ավանդական դարձած վարպետաց դասեր, ընթերցումներ Երևանի առաջատար բուհերում: Նախատեսված են գրքերի թեմատիկ շնորհանդեսներ: Կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ և սեմինարներ` «Մանկական գրականություն և բանահյուսություն», «Բանահյուսությունը ժամանակակից գրականության մեջ», «Թարգմանական գրականության առաջմղումը» թեմաներով:
Նշենք, որ համաժողովը կտևի մինչև նոյեմբերի 3-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ