Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Լուծումը մեկն է՝ հրաժարվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման վտանգավոր մտքից»

Նոյեմբեր 01,2013 20:05

«Երեւանի փոխքաղաքապետը տրանսպորտի ուղեվարձի հարցով բառացի «ցուցմունք» տվեց քաղաքապետի դեմ»,- այս մասին վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Երեւանի ավագանու նիստում Երեւանի քաղաքապետի ու վարչական շրջանների ղեկավարների հետ ավագանու հարցուպատասխանի ընթացքում Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հայտարարություններին, կապված՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը վերաբերող իր հարցադրմանը:

Ստյոպա Սաֆարյանի հարցին, թե  օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրել է, որ առաջիկայում կլինի տրանսպորտի ուղեվարձի թանկացում, Կամո Արեյանը հայտարարել է. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա: Գործող սակագնով տրանսպորտ շահագործելն արդեն անհնար է»:

Մինչդեռ՝ Ստյոպա Սաֆարյանը մեջբերելով ՀՀ օրենքը հիշեցնում է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկանցում չի կարող տեղի ունենել այն դեպքում, եթե առկա չէ  դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի գների աճ,  տրանսպորտային միջոցների գների աճ, եւ ավտոպահեստամասերի գների աճ: Ըստ օրենքի՝ թանկացում կարող է լինել միայն այն դեպքում, երբ առկա լինի այս 4 օբյեկտիվ գործոնները միաժամանակ: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ «Հանրահայտ փաստ է, որ երթուղիների մրցույթ հայտարարվել եւ անց է կացվել 2012թ., երբ ուղեւորափոխադրող կազմակերպությունների կողմից ուղեվարձի համար ներկայացվել եւ Երեւանի քաղաքապետի կողմից հաստատվել է 100 դրամ փոխադրավարձը»:

Ստյոպա Սաֆարյանի հարցին՝ թե 2012թ.-ից մինչ այժմ տեղի ունեցե՞լ է  դրամի արժեզրկում,  վառելիքաքսուքային նյութերի գների աճ,  տրանսպորտային միջոցների գների աճ, ավտոպահեստամասերի գների աճ, եւ ի՞նչ չափով, Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ով նաեւ Երեւանի քաղաքապետին կից վերջերս ստեղծված հանձնաժողովի նախագահն է, հետեւյալ պատասխանն է տվել․ «Քաղաքապետի որոշմամբ ձեւավորված հանձնաժողովը մանրամասն քննարկելու է բոլոր այն գործոնները, որոնք կարող են անդրադառնալ տրանսպորտի ուղեվարձի գնի աճին: Առայժմ քննարկվել են նշված գործոններից երեքը եւ նկատել ենք, որ աճ կա: Հանձնաժողովում այս պահին քննարկումներ են ընթանում, եւ վերջին մեկ տարվա կտրվածքով հաշվարկ չի արվել: Գնաճը վերաբերում է վերջին տարիներին, բայց եթե հաշվարկենք, ապա կլինի նաեւ այս տարվա կտրվածքով»:

Ստյոպա Սաֆարյանը հակադարձելով Վահե Նիկոյանին, շեշտել է․ «Այսինքն, դուք հաստատում եք, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման համար բոլոր չորս օբյեկտիվ գործոններն առկա չեն, այլ դրանցից միայն երե՞քն է առկա: Բացի այդ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն փոխադրավարձը կարող է վերանայվել ուղեւորափոխադրող կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա: Արձանագրենք, որ հաշվարկներ կատարում եք դուք` հանձնաժողովը, մինչդեռ դա պետք է կատարեին գծատերերը: Դուք կատարում եք գծատերերի ֆունկցիան»:  Վահե Նիկոյանն էլ նշել է. «Ոչ: Ես ասացի, որ այս պահի դրությամբ հանձնաժողովը միայն երեք գործոններն է քննարկել: Մենք սեփականտերերի փոխարեն հաշվարկներ չենք իրականացնում, նրանք են ներկայացրել այդ հաշվարկները»:

Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետարանը հետին թվով է կատարում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման համար անհրաժեշտ` օրենքով ամրագրված 4 օբյեկտիվ գործոնների ուսումնասիրություն․  «Այս պահի դրությամբ նա ուսումնասիրել է դրանցից միայն 3-ը, սակայն բոլոր գործոնների գնաճի մասով չունի թվային ցուցանիշներ հատկապես վերջին մեկ տարվա կտրվածքով` երթուղիների մրցույթները հայտարարելուց ու ներկայացված մրցութային հայտերը բավարարելուց ի վեր, երբ գծատերերը ներկայացրել են 100 դրամ ուղեվարձի հաշվարկ, իսկ քաղաքապետարանն էլ հաստատել է դա: Մինչդեռ նման ցուցանիշներ ու հաշվարկներ Երեւանի քաղաքապետը պետք է ունենար հուլիսի 19-ից առաջ, այսինքն` մինչև ուղեվարձի թանկացման որոշում կայացնելը: Փաստացի Վահե Նիկոյանը ցուցմունք է տալիս Տարոն Մարգարյանի դեմ, որ նա որոշում կայացնելու պահին հիմնավորումներ եւ 4 օբյեկտիվ պատճառների համաժամանակյա առկայություն չի ունեցել: Որքան էլ Վահե Նիկոյանը փորձեց խույս տալ, թե Երեւանի քաղաքապետարանը չի կատարում գծատերերի գործառույթները, այդուհանդերձ պատասխանից միանշանակ էր, որ քաղաքապետի կից ձեւավորված հանձնաժողովն է կատարում այդ հաշվարկները: Երեւանի քաղաքապետի վիճակն էլ վիճակ չէ. որտեղ էլ քննարկվում է այս հարցը, իր ենթակաները գիտակցված ու չգիտակցված բառացի ցուցմունք են տալիս իր դեմ, ինչպես դա արեց Վահե Նիկոյանը հարցուպատասխանի համար հատկացված շուրջ 5 րոպեների ընթացքում: Թե իշխանությունները թողնում են, որ  դատարանում դա տեղի ունենա, չի լինում (դրա համար էլ ՀՀ վարչական դատարանին կարգադրեցին երկու անգամն էլ մերժել «Բարեւ Երեւանի» հայցադիմումները վարույթ ընդունելը, թեպետ առաջադրված բոլոր կամայական պահանջները կատարվել էին): Թե համաձայնում են այդ հարցով հարցուպատասխանի մեջ մտնել  ավագանու նիստում` կրկին խայտառակ բան է ստացվում… Իրենք էլ չգիտեն, թե ինչ անել: Իսկ լուծումը մեկն է. հրաժարվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման վտանգավոր մտքից եւ աղբարկղ նետել այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետի` հուլիսի 19-ին կայացրած որոշումներն, այլ ոչ թե «լրամշակել» անլրամշակելին»:

Պատրաստեց՝ Եվա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930