Լրահոս
Օրվա լրահոսը

Փոշով ու ծանր մետաղներով հատկապես Կենտրոնն է «հարուստ». (Տեսանյութեր)

Նոյեմբեր 01,2013 18:39

Օդում ծանր մետաղների առկայությամբ «հարուստ» է մայրաքաղաքի հարավային հատվածը, փոշու աղտոտվածության բարձր մակարդակով` հյուսիսայինը: Այս երկու բաղադրիչներով միասին մայրաքաղաքի կենտրոնի օդն է աղտոտված: Այսօր «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ այսպիսի տվյալներ հրապարակեց էկոլոգանեոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանը:

Երեւան քաղաքի օդի որակի մոնիթորինգը ցույց է տվել, որ հատկապես` Կենտրոնում Շենգավիթ եւ էրեբունի համայնքներում բարձր է ծծմբի երկօքսիդի պարունակությունը: Հայէկոմոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Լիաննա Մարգարյանի խոսքերով, օդի մեջ CO-ի քանակը ամռանը նվազում է, փոշու պարունակությունը, մշտապես, 3-4 անգամ նորմայից բարձր է: Մայրաքաղաքում հուլիս-օգոստոս ամիսներին ազոտի երկօքսիդի պարունակությունն է նորմայից երկու անգամ բարձր եղել:
Տրանսպորտային արտանետումները չափելու համար մայրաքաղաքում  4-5 կայան կա: CO-ի գագաթնակետն, ըստ քննարկմանը մասնակից բնապահպանների, հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին է:

Ըստ Հայէկոմոնիթորինգի նախկին տնօրեն Սեյրան Մինասյանի, այսօր CO-ի քանակությունն օդից զգալի պակասել է, քանի որ ե’ւ մեքենաների շարժիչներն են նորացված տեխնոլոգիաներով, ե’ւ բենզինի ու դիզելի փոխարեն շատ ավտոմեքենաներ աշխատում են գազով: Պարոն Մինասյանը վկայակոչելով նաեւ բենզինի ներկրման տվյալներն, ասաց, որ դրանք զգալի նվազել են: Նա զարմանք հայտնեց, թե նախկինում ինչպես էին չափում օդում շմոլ գազի առկայությունը:

Լիլիթ Սահակյանի խոսքերով, կենտրոնում ամառ-ձմեռ օդը կեղտոտ է:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը հետաքրքրվեց, թե որքանով են ճիշտ այդ տվյալները եւ օրինակ բերելով անցյալ ձմռանը Երեւանի քաղաքապետարանի` մայրաքաղաքում տեղադրած սպիտակ նյութից պատրաստված կենդանիները, ասաց, որ դրանք շատ կարճ ժամանակ հետո սեւացան, ինչը պարզ ապացույցն էր այն բանի, որ մայրաքաղաքում օդը նորմայից շատ կեղտոտ է:

Լիլիթ Սահակյանը ներկայացրեց փոշու թողած բացասական հետեւանքները մարդու առողջության վրա` նշելով, որ այն ընդհուպ քաղցկեղ է առաջացնում: Ըստ նրա, փոշուց ու ծանր մետաղներից բնությունը չունի ինքնամաքրվելու միջոցներ: Բացի այն, որ Երեւանն իր աշխարհագրական դիրքով կիսաանապատային գոտում է գտնվում, բարդ ռելիեֆը խախտում է օդափոխությունը եւ քաղաքն էլ, քամիներով պայմանավորված, բնականորեն հակում ունի փոշու նկատմամբ: Լ. Սահակյանի խոսքերով, մայրաքաղաքում առկա շինհրապարակները, շինանյութեր տեղափոխող մեքենաները, որոնք պատշաճ փակված չեն, ու Երեւանը շրջապատող 39 հանքերը, ավելացնում են մթնոլորտ արտանետվող վտանգավոր նյութերի քանակը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930