Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովի առիթով ի թիվս այլ գործիչների, Հայաստան է ժամանել նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբու Դյուֆի՝ կրթության, երիտասարդության եւ սպորտի գծով խորհրդական Ֆիլիպ Կանտրեն: Նա առաջին անգամ է Հայաստանում, սակայն լավ գիտի Հայաստանի մշակույթն ու պատմությունը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կանտրեն Հայաստանը որակեց իբրեւ հոգեհարազատ երկիր, ապա ասաց, որ այն ֆրանկոֆոն ավանդույթներ ունի՝ վկայակոչելով Լուսինյանների դինաստիան: Աբու Դյուֆի խորհրդականը նաեւ հիշեց Գենտի համալսարանում ուսանած Դանիել Վարուժանին ու Մխիթարյանների թանգարանում պահվող հայկական դրամների վրայի ֆրանսերեն գրառումները: «Ես գիտեմ՝ ինչ է խաչքարը, Կոմիտասի ու Սայաթ Նովայի երաժշտությունը: Շատ կուզենամ այցելել Էջմիածին եւ Մատենադարան: Անգամ Կիլիկյան ճաշատեսակ մանթին գիտեմ՝ սխտորով ու մածունով»,- ժպտալով ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ հայկական գեն չունի:
Հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ