Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հաշվել են 24 հազարից ավելի պատմական հուշարձան

Նոյեմբեր 01,2013 18:22

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր տեղի ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա խորհրդարանական լսումները՝  նվիրված պատմական հուշարձանների պահպանության,  ժառանգության  ապահովման  միջոցառումներին ու հիմնախնդիրներին: Օրակարգային հարցերը երկուսն էին՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների   ու պատմական միջավայրի   պահպանության եւ օգտագործման  մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող նախագիծն ու ոլորտում առկա իրավիճակն ու հիմնախնդիրը:

 Օրինագծի փոփոխությունները հեղինակել են ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը:  Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հուշարձանների պահպանության խնդրում հանրային գիտակցությունը, պատասխանատվությունը իրենց լուրջ դերակատարությունն ունեն, և պատահական չէ, որ նախարարությունում բացել են թեժ գիծ, որի միջոցով ահազանգեր են ստացվում:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մարդկանց աչքը տեսնի, նկատի, և ոչ թե թողնենք վիճակը ծայրահեղության հասնի և հետո սկսենք ահազանգել: «Խորհրդային Միության տարիներին պետական ցանկում շատ ավելի քիչ հուշարձաններ էին ընդգրկված, եւ պատասխանատվությունը ավելի քիչ էր, քան այսօր՝ անկախ Հայաստանի պետական ցուցակում, այսինքն՝ մենք մեզ վրա վերցրել ենք մի պարտավորություն, որ երբեք միայն պետությունը չի կարող բավարարել: Այս իմաստով նորից հանրային պատասխանատվությանն ենք գալիս. ով կարող է՝ թող ձեռք մեկնի հուշարձանների պահպանության վերականգնման խնդրին»,- ասաց նախարարը` հավելելով, որ այդպիսի մարդիկ կան, և այսօր հպարտութամբ նշում են այն յոթ հուշարձանները, որոնք վերականգնվել են մասնավոր համագործակցության շրջանակներում:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն իր զեկույցում նախ հիշեց Հայաստանի անկախացումից հետո դաշտում  տիրող իրավիճակը, մասնավորապես՝ սեփականաշնորհման գործընթացների արդյունքում, երբ բազմաթիվ հուշարձանների լինել-չլինելու հարցն  ուղղակիորեն պայմանավորված էր  սեփականատերերի կամքով ու քմահաճույքներով: Որից հետո, 1998 թվականին ընդունվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի   պահպանության և օգտագործման  մասին» ՀՀ օրենքը: 2002-2006 թվականների ընթացքում ստեղծվել է, փոխնախարարի բնորոշմամբ, աննախադեպ մի փաստաթուղթ, որտեղ ընդգրկած էր ՀՀ տարածքում պահպանված պատմության եւ մշակույթի 24 152 հուշարձան՝ 7327 տարածքային պահպանական միավորներով։

Փոխնախարարը նշեց նաեւ, որ 2010-ից հետո 300 առավել վտանգված և վերականգնման անհրաժեշտություն ունեցող հուշարձաններ են ցուցակագրվել: ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքվեց, թե ինչու են միայն վերջին տարիներին ցուցակագրվել, արդյո՞ք մինչ այդ  անուշադրության էին մատնված: Փոխնախարարը պատասխանեց, որ առավել վտանգվածների ցանկը պարբերաբար լրացվում է, մշակվում: «Բավական լուրջ կառուց է, գիտական արշավախմբեր են աշխատում տեղերում, հավաքվում է ինֆորմացիան և ցուցակը կազմվում է, գործընթացը, կարգին համաձայն, հինգ տարին մեկ թարմացվում է»,- ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930