Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Մինչ հանձնաժողովի նիստի սկսվելը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱՄՆ-ի հայ ոսկերիչների միության հիմնադիր Սարկիս Կրիկոր Նուրյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:
Սիրիահայերի աջակցության ծրագրերի մասին զեկույցով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը:
Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը:
ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը ներկայացրեց աշխատանքները ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ:
«Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ընթացիկ աշխատանքների մասին զեկուցեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Նշվեց, որ ավարտվել են տեղանքի երկրաբանա-հետախուզական աշխատանքները, որի հիման վրա օրերս ավարտին կհասցվեն թաղամասի նախագծման աշխատանքները:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց որ սիրիահայերի համար առաջնահերթ խնդիր է մնում կացարանով ապահովելու և աշխատանքի տեղավորման հարցերը, ինչի մասին պետք է մտածեն եւ իրենց ներդրումն ունենան ինչպես Հայաստանի քաղաքացիները և գերատեսչական կառույցները, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցները և կազմակերպությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ