Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ տրանսպորտի նախարարությունում

Նոյեմբեր 01,2013 17:37

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:

Այնուհետև Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարության 2012թ. և 2013թ. անցած ինն ամիսն ընկած ժամանակահատվածում գործունեության արդյունքները:

Նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է նույն ժամանակահատվածում երկաթուղու գործունեությունը, նախարարի տեղակալներ Արտաշես Ավետիսյանն ու Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրել են համապատասխանաբար ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու կապի և հեռահաղորդակցության ոլորտում վերոնշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը, իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը զեկուցել է աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշները։ Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խնդիրներն ու զարգացումները 2012թ. և 2013թ. անցած ինն ամսվա դրությամբ: Այն զեկուցել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Զեկուցված թեմաների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել պատասխանատուներին և բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել: Խոսելով ճանապարհաշինության և այլ ծրագրերի համար հատկացված միջոցների մասին՝ նա ընդգծել է դրանց օգտագործման և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Ճանապարհների պահպանումը, օրինակ, չպետք է ենթադրի միայն դրանք ձյունից մաքրելը: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք իրականացնելու պարագայում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհները կարելի է դարձնել շատ ավելի երկարակյաց:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նախարարություններ իր այցերը նպատակ են հետապնդում անմիջականորեն տեղում ծանոթանալու խնդիրներին, պատասխանատուների հետ դրանք քննարկելուց հետո՝ լուծումներ տալու, որոնք պետական կառավարման այդ մարմիններին կօգնեն իրենց աշխատանքների կազմակերպման, ծրագրերի իրականացման գործում բարձրացնել արդյունավետությունը:
«Եթե մենք չկարողացանք ունակ երիտասարդ կադրեր ներգրավել մեր աշխատանքում, ոչինչ չի ստացվելու: Մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք:

Յուրաքանչյուր ղեկավարի պարտականությունն է զբաղվել խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց աշխատանքում ներգրավելու գործով: Եվ այդ մարդկանց նկատմամբ մենք պետք է լինենք շատ ուշադիր: Միայն սոցիալական խնդիրներ լուծելով, այսինքն` աշխատավարձ բարձրացնելով, խրախուսելով, մենք չենք կարողանալու նրանց պահել: Մարդիկ հավելյալ ուշադրության կարիք ունեն, սրտացավ խոսքի, իրենց աշխատանքը գնահատելու կարիք ունեն: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ավագ սերնդի փորձը՝ այն համադրելով երիտասարդների եռանդի հետ»,-ընդգծել է Նախագահը:

Տրանսպորտի և կապի նախարարությունում ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն ավարտել է նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ. երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանին, տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանին, փոստի վարչության պետի տեղակալ Ծովինար Գալստյանին, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Վերդյանին Նախագահը պարգևատրել է շնորհակալագրերով:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930