Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատախազը միջնորդել է ամբաստանյալների կալանքը փոխել, իսկ դատավորը մերժել է

Նոյեմբեր 01,2013 16:18

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթացող Հովհաննես Հովհաննիսյանի եւ Գարիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը Aravot.am-ն անդրադարձել է մի քանի անգամ:

Հիշեցնենք, որ Ավան-Առինջ գերեզմանատան աշխատակից, քարի վրա փորագրող Հովհաննես Հովհաննիսյանն իբր մարմնական վնասվածք է հասցրել տուժող, նախկինում դատապարտված, ներկայումս դատապարտյալ Արտյոմ Հակոբյանին եւ նրանից հափշտակել նրան պատկանող 2 հատ բջջային հեռախոսը:

Ամբաստանյալները մեկ տարուց ավելի է գտնվում են անազատության մեջ:

Մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեությանն ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արմեն Աֆանդյանը դատական նիստի ժամանակ հանդես եկավ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Այն է՝ կալանքը փոխելու եւ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Դատախազն իր միջնորդության ժամանակ ասաց.«Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով  ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել, չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, իսկ գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը փոխել առանց դատական քննությունը հետաձգելու»:

Դատախազը նաեւ հայտնել է, որ դատաքննությամբ հերքվել է ամբաստանյալների կողմից ավազակային հարձակում , այսինքն՝ ծանր հանցագործություն կատարելու հանգամանքը.«Փոխարենն առկա է նրանց կողմից միջին ծանրության հանցանք կատարելու վերաբերյալ որոշակի ապացույցներ, որոնց վերջնական իրավական գնահատականը հնարավոր է տալ անհրաժեշտ քննչական գործողություններ եւ դատավարական գործողություններ կատարելու արդյունքում»:

Հիշեցնենք, որ թե մարզի դատախազի, թե այս գործով մեղադրանքը պաշտպանող նախկին դատախազի ազատումից հետո էր հետեւել նոր մեղադրողի միջնորդությունը:

Դատավոր Յուրի Բաղդասարյանը, քննելով մեղադրողի միջնորդությունը՝ կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին, մերժեց այն: Ըստ դատարանի.«Դեռեւս չեն վերացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածով նախատեսված կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը: Ամբաստանյալներն ազատության մեջ մնալով կարող են թաքնվել դատարանից»:

Ակնհայտ մեղադրական թեքում ունեցող դատարանի որոշմամբ, ամբաստանյալները կարող են «խոչընդոտել» դատարանում գործի քննությանը, դատարանի կանչով «առանց հարգելի պատճառների» չներկայանալու ճանապարհով «կատարել օրենքով չթույլատրված» արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից, նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Դատավորը «շարիկ» է գլորել դատախազի միջնորդության վրա, իսկ այն փաստարկին էլ, թե դատաքննությամբ հերքվել է ամբաստանյալների կողմից ավազակային հարձակում կատարելու հանգամանքը, հանգել էր նրան, որ դատարանի կողմից դեռ չի տրվել գնահատական, որի պայմաններում հնարավոր լիներ հիմնավորել ամբաստանյալների կողմից ծանր կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու հանգամանքը:

Դատական նիստը 10 օրով հետաձգվել է՝ դատախազի կողմից մեղադրանքը փոխելու , նոր մեղադրանք առաջադրելու պատճառով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930