Շախմատի աշխարհի գահի համար գործող թագակրի եւ հավակնորդի միջեւ նոյեմբերի 9-ին մեկնարկող մրցամարտը առանձնահատկություններով տարբերվում է նախորդներից:
Մրցամարտի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որ նաեւ նախորդ` Մոսկվայի «Տրետյակովյան պատկերասրահում» կայացած աշխարհի չեմպիոնության համար Անանդ-Գելֆանդ մրցամարտի գլխավոր մրցավայրն էր, Aravot.am-ին ասաց. «Այս մրցամարտն անցկացվելու է մասնակիցներից մեկի` գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հայրենիքում: Շախմատիստներից շատերը չեն ձգտում խաղալ Հնդկաստանում` հաշվի առնելով որոշ սպեցիֆիկ պայմաններ. կլիմա, եղանակ, ջուր, սնունդ եւ այլն: Հյուսիսային երկրի բնակիչ Մագնուս Կարլսենի համար, որը սովոր է, որ նոյեմբերին ցուրտ է լինում, հանդես է գալու 30-35 աստիճան ջերմության պայմաններում, թեեւ կազմակերպիչները, Հնդկաստանի շախմատի ֆեդերացիան հավաստիացնում են, որ ամեն բան կանցնի շատ բարձր մակարդակով, երկու կողմերի համար ստեղծված կլինեն հարյուր տոկոսանոց հավասար պայմաններ, իսկ հյուրանոցային չքնաղ պայմանները մրցակիցներին մոռանալ կտան հյուրանոցից դուրս բոլոր խնդիրները: Իմ տեղեկություններով, որոնք դեռ վերջնական չեն, Մագնուս Կարլսենն արդեն Հնդկաստանում է, կամ պատրաստվում է մեկնել, որպեսզի նորմալ հարմարվի ժամանակային եւ կլիմայական տարբերություններին: Նորվեգիայի կառավարությունը, Հնդկաստանում Նորվեգիայի դեսպանությունն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի հավակնորդը ոչ մի խնդիր չունենա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ