App store-ում արդեն կա հայերեն ստեղնաշար (ArmKeyboard)` հատուկ iOS 7 համակարգի համար: Նոր հավելվածի հեղինակը ծրագրավորող Վահրամ Գեւորգյանն է:
Aravot.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց, որ հավելվածի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի հայերեն գրել iPhone/iPad/iPod Touch սարքերի միջոցով. «Հայերեն առաջին ստեղնաշարն է` iOS 7-ի ոճով, աշխատում է եւ landscape, եւ portrait»,- ասում է Վահրամ Գեւորգյանը: Հավելվածը միայն հայատառ գրելու համար չէ, բազմաֆունկցիոնալ է. «Օգտագործողը կարող է ուղարկել հայատառ հաղորդագրություն (ֆեյսբուք, էլեկտրոնային փոստ, հեռախոսային հաղորդագրություն), կարող է նաեւ որոնողական համակարգերից օգտվել՝ Youtube, Google, Wikipedia՝ առանց հավելվածը լքելու եւ հայերեն: Նաեւ կարող է թարգմանել անգլերեն՝ օգտվելով Google Translate-ից: Բացի դրանից՝ կարող է հայերեն ավելացնել կոնտակտներ եւ միջոցառումների մասին հիշեցումներ»,- ասում է հավելվածի հեղինակը:
Ըստ նրա՝ ծրագիրը նաեւ ապահովում է երեք տարբեր ստեղնաշարային դասավորվածություն՝ Phonetic, Typewrtier, Western:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ