Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհումս

Նոյեմբեր 01,2013 14:16

– Բաբելոնը մեծ քաղաք է, բայց ես քեզ եմ սիրում,- մեզ համար գրեթե անմատչելի հազարամյակներում սեպագրերով հաստատեց եւ վավերացրեց աշխարհումս անհայտ  բանաստեղծը: Հաստատեց ու այդպես էլ անանուն անհայտացավ: Եվ այսօր ոչ աղջիկը  կա, որին ձոնել էր խոսքը, ոչ մեզ անծանոթ բանաստեղծը, եւ, ամենասարսափելին, չկա նաեւ Բաբելոն մեծ քաղաքը:

Չգիտեմ՝ ով հուշեց այդ անհայտ, հանճարեղ բանաստեղծին հոգեւոր ծփանքն այդ, երբ Արեւելքի հզորագույն քաղաքը, կարելի է ասել՝ աշխարհի մայրաքաղաքը կործանվեց, բայց ավերակների տակից կենդանի դուրս եկան այդ անհայտ բանաստեղծի տողերը, որ այսօր էլ զրնգում են մեր մեջ…

Նկարիչների սրճարանում տարիներ առաջ, երբ ուսանող էի, պատիվ ունեցա գինարբուքի սեղանի շուրջ լսելու մեծն Փարաջանովին, ով խոսում էր Կիեւում նկարած «Մոռացված նախնիների ստվերները» իր նշանավոր ֆիլմի մասին եւ ասում էր՝ այդ ֆիլմով ես ընդամենը մի բան եմ ուզեցել բացատրել, որ հազարների մեջ կա մեկը, որը քեզ համար միակն է, որին ոչ միայն դու սիրում ես, այլեւ նրա համար պատրաստ ես մեռնելու, այսինքն թե՝ աշխարհումս նա է քո ընտրյալը, քո ճակատագիրը, քո կյանքն ու մահը նաեւ:

Ես չգիտեմ՝ Փարաջանովը ծանո՞թ էր Բաբելոնում գտնված բնագրին, թե՞ ոչ, բայց նա հանճարեղ ֆիլմ էր նկարել բաբելոնացի անհայտ բանաստեղծի հավերժական մեկ տողով: Եվ չնայած Երեւանը Բաբելոն չէ, ու վստահ եմ, որ այլեւս հավերժական է, եւ մեր հավերժակյանք քաղաքում իմ ժամանակավոր կյանքը ինձ նույնպես մղում է սիրո եւ կնոջ մասին խորհրդածությունների, որոնք կարող են տարօրինակ հնչել, բայց իմ եւ իմ ժամանակակիցների մտքերն են.

Կնոջը պետք է սիրել եւ ոչ՝ ճանաչել, քանի որ, երբ ճանաչես՝ կդադարես սիրելուց: Կինը լինում է կամ երջանիկ, կամ խելացի, դու ընտրիր երջանիկ կնոջ: Քանի որ երբ առաջին անգամ սիրահարվում ես, նույնն է թե՝ լճափին նստած նայես լուսնի արտացոլանքին: Ավելի ուշ, երբ ամուսնանում ես, լճափին նստած նայում ես լուսնին՝ արդեն երկնքում։ Իսկ վերջում՝ լուսնին նայում ես ջրերի տակից, քանզի ջրասույզ ես արդեն: Եվ զգուշացիր կնոջից, որը թաքնվում է իր թուլության ետեւում, որտեղից քեզ մի օր կնայեն անբախտության դատարկ աչքերը…

Չնայած Երեւանը մեծ քաղաք է, բայց ես քեզ սիրում եմ… Ափսոս, աշունը կավարտվի, ու մինչեւ գարուն անձրեւներ էլ չեն լինի, եւ դու դարձյալ կտխրես:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ես քեզ սիրում էի, բայց հիմա դու իշխանության ջատագովն ես ու արդեն սիրելու բան չես

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930