Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչեւ հաջորդ ընտրությունները Հայաստանը դժվար թե որեւէ միության անդամակցի»

Նոյեմբեր 01,2013 14:13

Օրերս «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ քննարկման ժամանակ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը մաքսային տարիֆների ձեւակերպումների ընթացակարգային հարցում:

«Առավոտը» պարոն Ղազինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Հայաստանն ինքնիշխանությունը կորցնելու է ոչ թե Մաքսային միությունում, այլ ԵՄ-ում: Պարոն Գլազեւը մասնավորապես ասել էր. «Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոն՝ դիսկրիմինացիոն պայմաններով, ինչպես Ուկրաինայի պարագայում է, որոշումներ ընդունելու բոլոր իրավունքները Բրյուսելին տալով եւ այնուհետ պարզապես իրականացնել Բրյուսելի հրահանգները՝ ընդդեմ այն ֆունկցիաների, որոնք մենք տվել ենք Մաքսային միությանը: Այսինքն՝ ոչ թե մենք ենք Հայաստանին մղել Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնել, այլ Եվրոպական միությունը՝ Հայաստանին իր սուվերենությունից զրկելու համառ ցանկությամբ»:

«Դա քաղաքական սպեկուլյացիա է, դա շահարկվում է, նպատակն է ցույց տալ՝ էն ձեր ընտրած նախկին ճանապարհը, որից դուք հրաժարվեցիք հօգուտ այս մեր առաջարկած Մաքսային միության, դա ձեզ ավելի շատ ինքնիշխանություն է տալիս, քան այն, ինչ նախատեսում էիք ստորագրել»,- ՌԴ նախագահի խորհրդականի արտահայտած տեսակետի մասին ասաց պարոն Ղազինյանը:

Ըստ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենի՝ եթե մենք ստորագրեինք խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը եւ այդ համաձայնագրով կարգավորեինք մաքսատուրքերի եւ նաեւ որոշակի ապրանքների համար քանակական սահմանափակումների կամ համարժեք այլ վճարների հարցը, որոշումը կայացնելու էր Հայաստանի կառավարությունը. «Մենք էինք որոշելու, թե ինչպիսի մաքսատուրք սահմանեինք տվյալ ապրանքի համար՝ իրենց հետ միասին: Իսկ Մաքսային միության պարագայում որոշում կայացնելու իրավունքը փոխանցում ենք միության հանձնաժողովին»:

«Առավոտի» այն դիտարկմանը, որ ՄՄ-ում երկրներն ունեն վետոյի իրավունք, եւ ինչպես Գլազեւն էր վստահեցրել՝ որոշումները կայացվելու են կոնսենսուսի սկզբունքով, եւ հնարավորություն ունենք մեզ ոչ ձեռնտու որոշումները բոյկոտել, պարոն Ղազինյանն ասաց. «Այո, ֆորմալ առումով մենք ունենք վետոյի իրավունք, իրավաբանորեն՝ այո, կարող ենք օգտվել վետոյի իրավունքից, գործնականում՝ չգիտեմ»:

Մեր այն հարցին էլ՝ եթե կնքվի պայմանագիր, եւ մտնենք ՄՄ, Հայաստանը հետագայում հնարավորություն կունենա՞ ցանկացած պահի դուրս գալ ՄՄ-ից, թե՞ կրկին ճնշումներ կլինեն, ինչպես անդամակցելու դեպքում եղավ, պարոն Ղազինյանն ասաց, որ այդ ճնշումները միայն խոսակցությունների մակարդակով են եղել, ապացույցներ չկան. «Բայց եթե մեզ հաջողվի դառնալ Մաքսային միության անդամ, ի վերջո՝ հակառակ այդ բոլոր խոչընդոտների եւ պրոբլեմների, որ առկա են, մենք դառնում ենք ՄՄ անդամ եւ մասնակցում ենք  Եվրասիական միության ձեւավորման գործընթացին, որն արդեն քաղաքական կառույց է, ապա դուրս գալը մոտավորապես կլինի այն, ինչ Խորհրդային Միությունից դուրս գալն էր: Հաշվի առնենք, որ ռուսական ռազմական բազա ունենք Հայաստանում»:

Պարոն Ղազինյանի դիտարկմամբ՝ Հայաստանը դեռ հնարավորություն ունի չանդամակցելու Մաքսային միությանը, եւ ինչպես փորձագետն ասաց՝ վերջին շրջանի հայտարարությունների ֆոնին (նկատի ունի Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարությունները, որ դեռ իրենք պիտի մտածեն՝ Հայաստանը կարո՞ղ է մտնել ՄՄ՝ Ղարաբաղի չլուծված հարցի առկայությամբ- Ն. Բ.), հույս կա չմտնել ՄՄ. «Երկու հարթություն կա, որտեղ մենք կարող ենք հաշվարկել, որ կլինեն խնդիրներ, որ Հայաստանը չի միանա Մաքսային միությանը: Առաջինը՝ Մաքսային միության ներսում խնդիրներն են, որ Ղազախստանն ու Բելառուսը իրենց երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ չկարգավորված ղարաբաղյան հակամարտության պայմաններում թույլ չեն տա Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Երկրորդն արդեն ավելի գործնական է եւ Հայաստանի ներսում է: Մեզանից է կախված ամեն ինչ: Երբեք չենք կարող հույս ունենալ, որ, ասենք, Լուկաշենկոն եւ Նազարբաեւը թույլ չեն տա, որ Պուտինը մեզ մտցնի Մաքսային միություն, դա միամիտ կլինի: Ներսում է գտնվում ամբողջ ռեսուրսը»:

Իսկ թե ո՞րն է մեր ներքին ռեսուրսը, կամ ի՞նչ պետք է արվի ՄՄ մտնելը ձախողելու համար, կամ գուցե պետք է հանրաքվե անցկացվի, եւ պարզվի, որ հասարակության մեծ մասը հենց Մաքսային միությունն է գերադասում, պարոն Ղազինյանն ասաց, որ հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց կան այլ մեխանիզմներ:

Արթուր Ղազինյանի կարծիքով՝ նախ պետք է քաղաքական ուժերի հարաբերակցություն փոխել, քանի որ, ըստ մասնագետի, այսօրվա քաղաքական ուժերի հարաբերակցությունը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները. «Այսօր տեսնում ենք, որ հասարակությունում կա, ասենք, գոնե 35-40% ՄՄ չմիանալու ցանկություն կամ եվրոպական քաղաքակրթությանը միանալու ցանկություն, եւ 60% կա ո՛չ այն, ո՛չ էլ եվրոպականին: Այսինքն՝ այսօրվա քաղաքական պատկերը խորհրդարանում, գոնե ուժերի ներկայացվածության հարաբերակցությունը չի արտացոլում այն, ինչ կա հասարակությունում, ժողովրդի մեջ: Հետեւաբար պետք է 2017-2018 թվականների ընտրություններին նախապատրաստվել, որպեսզի այն առավելագույնս արտացոլի հասարակական տրամադրությունները»: Բայց մինչեւ 2017 թվականը մենք արդեն չե՞նք լինի Մաքսային միության անդամ, եւ արդյոք ուշ չի՞ լինի՝ մեր այս հարցին էլ ի պատասխան՝ պարոն Ղազինյանը թերահավատություն արտահայտեց, որ մինչեւ նոր ընտրությունները Հայաստանը որեւէ միության հետ որեւէ ռեալ բան կունենա. «Հավատացեք ինձ… Այս շտապողականությունը, որ գնում է, նորմալ պրոցես է:

Իսկ  նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովը վերջինը չէ, Ռիգայում էլ մոտ 2 տարի հետո պետք է լինի, եւ աղետալի սցենարներ պետք չէ ներկայացնել, որ վերջ, այլեւս Հայաստան չունենք, ի սեր Աստծո: Սահմանադրական դատարանի համար սա փորձաքար է, սա ընտրություն չէ, սա կրթության անվճար իրավունք չէ, սա «ԱրմենՏելի» մենաշնորհը չէ, սա անկախության, պետականության եւ ինքնիշխանության, նաեւ պետության գոյության հարց է: Սա սերունդների նկատմամբ պատասխանատվության հարց է, պետք է զգույշ լինել որեւէ միության ընտրության հարցում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930