Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանը տուժողի համար էլ է պահանջում դատահոգեբուժական փորձաքննություն

Նոյեմբեր 01,2013 14:09

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Զախարյանի նախագահությամբ շարունակվում է Արման Երիցյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Արման Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անցյալ տարվա նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մալաթիա»» գյուղմթերքների շուկայում, նախնական համաձայնության գալով ոմն Արսենի հետ, դանակի գործադրմամբ հարձակվել է Սամվել Մեժլումյանի վրա և տուժողից հափշտակել է 80 000 ՀՀ դրամ գումար:

Արման Երիցյանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սերգեյ Մկրտչյանը:

Պաշտպանը տեղեկացնում է, որ իր պաշտպանյալն ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել:

Մինչ գործը դատարան ուղարկվելը՝ Ս.Մկրտչյանը դիմել էր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Նավոյանին՝ իր պաշտպանյալի մեղսունակության հարցը պարզելու համար:

1999թ.-ին կատարել է ավտոմեքենայի գողության դեպք, ենթարկվել է ծեծի, ստացել է գլխուղեղի ցնցում, սալջարդ, վերքեր, կոտրվածք, հոսպիտալացվել է ծանր վիճակում «Արմենիա» բուժկենտրոն: Ըստ բժշկական հանձնաժողովի 2004թ.տեղեկանքի էլ, նրա հուզական ռեակցիաները արտահայտիչ են, հակված է աֆեկտիվ բուռն լիցքաթափումնների. «Հետաքրքրությունների շրջանակը նեղ է, վարքը կոնֆլիկտային, ագրեսիվ, սեթեւեթ»:

Նա ազատվել է բանակում ծառայելուց:

Պաշտպան Սերգեյ Մկրտչյանը միջնորդել էր նշանակել դատահոգեբանական, դատահոգեբուժական  համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող միջգերատեսչական դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննությունների հանձնաժողովին:Սակայն դատական գործընթացը սկսվել է, իսկ այդ միջնորդությունը չի բավարարվել:

Ըստ պաշտպանի, տուժողը հակասական ցուցմունքներ է տվել դեպքի հետ կապված հանգամանքների, իրենից հափշտակված գումարի, իր մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման, ժամանակի մասին:

Ըստ վկաներից մեկի՝ Ն.Դ-ի, տուժողը դեպքի օրը երեկոյան եկել է «Մալաթիայի» տաղավար՝ օղի խմելու: Եկել է մենակ, նրա քթին եւ գլխին արդեն իսկ առկա են եղել «թարմ, արյունոտ վնասվածքներ»:

Վկայի հարցին, թե ինչ է եղել, տուժողն ասել է, թե սայթաքել է, ընկել է:

Տուժողը սկսել է դարձյալ օղի խմել, այդ պահին, ըստ այս վկայի, եկել է Ա.Երիցյանը:

«Այս հանգամանքը նույնպես հերքում է եւ բացառում վերջինիս մասնակցությունը տուժողի նկատմամբ բռնություն գործադրելուն»,-ասում է Ս.Մկրտչյանը:

Ի դեպ, տուժողի վնասվածքները ստուգելու նպատակով չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Պաշտպանը դատահոգեբուժական փորձաքննություն է պահանջում տուժողի համար էլ: Պաշտպանը հանցակազմի բացակայության հիմքով միջնորդում է կարճել այս գործի վարույթը, դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 5-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930