Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային գոհարները պետք է կուսական մնան»

Նոյեմբեր 01,2013 14:00

Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դիտարկումները

Օրերս լույս է տեսել Կոմիտաս, Հ. Ճանիկյան, Ս. Մելիքյան, Ռ. Աթայան, Ա. Ոսկանյան հեղինակախմբի «Ակնա ժողովրդական երգաշար» ժողովածուն՝ խտասալիկով: Այս ժողովածուն կոմպոզիտոր-երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի շուրջ 40 տարիներին խմբագրած, գեղարվեստական ձեւի բերած ու ձայնագրած աշխատանքն է:

«Առավոտի» հետ զրույցում Արզաս Ոսկանյանն ասաց, որ ժամանակին ուսանող-կոմպոզիտորները հաճախակի շփումներ էին ունենում Երեւանի պետական կոնսերվատորիայի տեսական ամբիոնի վարիչ, գիտնական-երաժշտագետ Ռոբերտ Աթայանի հետ, ով երաժշտատեսական առարկաների փայլուն իմացությունից բացի, անփոխարինելի կոմիտասագետի եւ հմուտ միջնադարագետի համբավ ուներ: «1972թ. Լեհաստանում կայանալիք «Միջնադարյան երաժշտություն» խորագրով գիտաժողովում նախատեսված Կոմիտասի գրառած Ակնա ժողովրդական երգաշարին նվիրված Աթայանի զեկուցման համար, որպես օժանդակ նյութ, ձեռնամուխ եղանք երգաշարից որոշ նմուշների խմբագրման եւ ձայնագրման աշխատանքներին: Ընդ որում, հենց Աթայանն ինձ հանձնարարեց երգիչների եւ դուդուկահարների հետ տարվող աշխատանքը, որոնք վարպետ կատարողներ էին: Անհրաժեշտ էր փոքրիկ, երբեմն հազիվ մեկ տողանոց, բայց ներքին մեծ ուժով օժտված հատվածները հավելել մեկը մյուսին: Ինքը՝ Աթայանը, դաշնամուրով փայլուն ներկայացնում էր նյութը, ընդգծելով եւ ուսուցանելով այլեւայլ նրբություններ»,- հայտնեց պարոն Ոսկանյանը: Նա հավելեց, որ Աթայանի խորհրդով է ծանոթացել 1895թ. Թիֆլիսում հրատարակված Հ. Ճանիկյանի «Հնութիւնք Ակնա» գրքին, որտեղ ներկայացված կոմիտասյան երգերը գրի էր առել Ճանիկյանը: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Կոմիտասը Ակնա ժողովրդական երգաշարը գրի է առել հայկական ձայնանիշներով, որը 1930-ականներին եվրոպականի էր փոխադրել հայկական ժողովրդական երաժշտության գիտակ, խմբերգային արժեքավոր երկերի հեղինակ Սպիրիդոն Մելիքյանը:

Հարցին՝ ի՞նչ կարծիքի է կոմիտասյան, աշուղական եւ կոմպոզիտորական հանրահայտ երգերի մերօրյա մշակումների կամ, ինչպես հաճախ է ասվում՝ դրանք նոր շնչով, ժամանակակից ներկայացնելու մասին, Արզաս Ոսկանյանը զայրացավ, ասելով. «Երբեմն ավելի լավ է ձեռք չտալ երաժշտարվեստի այդ գոհարներին: Կոմիտասը ժանյակ է հյուսել եւ Աստված գիտի՝ հիմա դա ինչպես է մատուցվում… Այլ օրինակներ էլ կան. Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի «Էրեբունի- Երեւանը» ազգային արժեք է կամ Աշոտ Սաթյանի ու Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» երգը, էլի օրինակներ կան: Դրանք պետք է իրենց «կուսական» ձեւով ապրեն: Այսպես կոչված՝ «նոր շունչ հաղորդելը» ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն մեր արժեքների նկատմամբ: Մենք՝ կոմպոզիտորներս, երաժշտագետները, բանաստեղծները պետք է թույլ չտանք նման աղավաղումներ, եթե ուզում եք իմանաք՝ մենք բոլորս ենք պատասխանատու դրանց անաղարտության համար: Այո, ոչ միայն ես, նաեւ իմ գործընկերները, այս երեւույթի մասին ունենք ծայրահեղ վերաբերմունք: Կամ՝ հիմա էլ ուզում են Հանրապետության հրապարակը վերաձեւել… Հասկացեք՝ ազգային արժեքներին ակնածանքով է պետք մոտենալ»: Իսկ ի՞նչ ասել է ակնածանքով մոտենալ, պարոն Ոսկանյանը պատասխանեց. «Ընդունելի է, երբ, ասենք, Եկմալյանի պատարագից մեջբերում է կատարվում կամ, կներեք անհամեստությանս համար՝ իմ պատարագից, բայց դա չի նշանակում այլանդակել ստեղծագործությունը»:

«Ակնա ժողովրդական երգաշար» ժողովածուն ողջունելով՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մհեր Նավոյանն ասաց, թե հայ միջնադարյան աշխարհիկ երաժշտության որոշ շերտեր կամ կորսված են իսպառ, կամ մեծ կորուստներով են մեզ հասել, ապա հավելեց. «Հազվագյուտ գոհարներին դիմելիս պետք է ենթադրել, թե գեղարվեստական զարմանալի արտահայտություններ հանդիսացող այդ երգերն ավելին են, քան սոսկ երգը: Դեռեւս անցյալ դարում սկսված եւ իրականացված այս վերամարմնավորումը (նկատի ունի երգարանը) ոչ միայն առաջինն է, այլեւ դրա չափանմուշը՝ մինչ օրս, որն իրականացրել է Արզաս Ոսկանյանը՝ համագործակցությամբ խոշոր կոմիտասագետի՝ Ռոբերտ Աթայանի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930