Լրահոս
Օրվա լրահոսը

Թամմամի Երեւանը

Նոյեմբեր 01,2013 13:58

Դամասկոս-Երեւան չվերթով նա մի օր Երեւան եկավ ու այլեւս հետ չվերադարձավ: Էմիգրանտի պիտակը ազգությամբ արաբ Թամմամ Համզան երբեք չի կրել, ուստի Երեւանից հեռանալ՝ «թամամ աշխարհ պտուտ գալու», նա չի շտապում:

-Ե՞րբ էր քո «բենեֆիսը» Երեւանում:

-13 տարի առաջ, գիշերը:

– Իսկ տպավորություններն ու սպասումնե՞րը…

-Ինչպիսի՞ն պետք է լինեին դրանք, եթե առաջին անգամ ես Հայաստանում ու օդանավակայանից միանգամից հայտնվում ես 2-րդ Մասիվի, մեղմ ասած՝ համեստ պայմաններով ուսանողական հանրակացարանում… Կարճ ասած՝ զարմացած էի: Բայց շուտ հաշտվեցի, ավելին՝ սկսեցի սիրել երեւանյան իրականությունն՝ իր տարբերություններով ու դժվարություններով հանդերձ:

-Ո՞վ էր երեւանցին, եւ ո՞վ էիր դու Երեւանում:

– Սիրիայի ժողովուրդը շատ մեղմ, հանգիստ բնավորություն ունի, իսկ Հայաստանինը՝ մասնավորապես Երեւանինը՝ խիստ. դեմքիդ ասում են այն, ինչ մտածում են: Սկզբում սա թերություն էի համարում, իսկ ժամանակի ընթացքում հասկացա, որ դա մեծ առավելություն է: Ո՚չ հայերեն գիտեի, ո՚չ՝ ռուսերեն: Նկատել էի, որ ռուսերեն խոսողները քիչ են եւ նրանք անմիջապես աչքի էին ընկնում: Ուստի որոշեցի հայերեն խոսել սովորել: Իմ հայերեն «դասընթացներն» անցել են երթուղայինների մեջ՝ մարդկանց լսելով: Լուռ նստում ու լսում էի, թե ի՞նչ են ասում մարդիկ վարորդին, երբ պետք է իջնեին կամ վճարեին: Ինձանից գոհ մի անգամ ասացի՝ ըստե մի տե պահի, էլի: Ինձ թվաց, թե լավ ստացվեց: Մեկ էլ տեսնեմ ամբողջ երթուղայինը շրջվել, ինձ է նայում, թե ո՞վ է այս սեւ-սեւ, երկար մազերով, «ռաբիս ակցենտով» տղան…

– Կյանքը մայրաքաղաքի վարձակալած բնակարաններում…

– 7-8 ամիս հանրակացարանում ապրելուց հետո, սկսեցի բնակարաններ վարձակալել գրեթե ամողջ քաղաքով մեկ: Կողբացի, Պուշկին, Դեմիրճյան, Ռայկոմ, Այգեստան, Կիեւյան… 8-9 անգամ բնակարան եմ փոխել: Հենց տան վարձը թանկացնում էին, ես իրերս հավաքում, դուրս էի գալիս նոր բնակարան վարձակալելու: Հիմարություն էր, որովհետեւ հասկացա, որ, որպես կանոն, գները միշտ թանկանում էին… 2000-ականների սկզբին քիչ բան կար Երեւանում անելու: Ընկերներով կամ կուրսեցի տղաներով հավաքվում էինք հերթական վարձով տանը ուտել-խմելու, զրուցելու: Հիմա շատ եմ կարոտում այդ տարիները, մեր վարձով բնակարանները, պատշգամբները, զրույցները, գարեջուրը… Միասին էինք ու գրեթե նույն կարգավիճակում. կարեւորը սա էր:

– Հիմա ինչո՞վ ես զբաղված:

– Ես օպերատոր եմ եւ հիմա մի վավերագրական ֆիլմի նկարահանումներով ենք զբաղված: Ծանր թեմա է՝ Ստամբուլի հայկական մանկատները: Կոնֆլիկտներ լինում են աշխատանքի ընթացքում, բայց դրանք միայն ստեղծագործական բնույթի են, որը նույնիսկ անհրաժեշտ է: Չնայած ես ուրիշ մշակույթի կրող եմ եւ իրականում օտար եմ Հայաստանում, բայց աշխատանքային եւ միջանձնային հարաբերություններում երբեք ինձ էմիգրանտի հոգեվիճակում չեմ զգացել:

– Եթե մի օր ճամպրուկդ հավաքես, Երեւանից ի՞նչ կտանես հետդ:

– Երեւան եկա որպես ուսանող, հիմա արդեն ամուսնու եւ երկու որդի ունեցող հոր կարգավիճակում եմ: Սա, այսպես թե այնպես, «ճամպրուկիս» մեջ է լինելու: Երեւանը չի ճնշում ինձ, եւ այստեղ ժամանակը հետեւիցդ չի ընկնում: Սիրում եմ Երեւանի փոքրությունը. քաղաքի մի ծայրից մյուսը կարող ես ոտքով գնալ: Իմ ամբողջ երիտասարդությունն է անցել Երեւանում, իմ աշխարհայացքն է ձեւավորվել այստեղ եւ իմ հիշողություններն են այստեղ: Չգիտեմ՝ Երեւանը ինձ ոնց, բայց ես իրեն հասցրեցի սիրել: Ես կարոտում եմ այս քաղաքը: Կասկադն եմ շատ սիրում, թեեւ հազվադեպ եմ լինում այնտեղ: Շատ եմ սիրում Զաքիյան եւ Կոմիտաս փողոցների այգիները՝ անկախ վերջինիս հետ կապված այլեւայլի… Միշտ էլ թողնելը ցավալի է, եթե մի օր գնամ, կկարոտեմ Երեւանն ու երեւանցիներին: Վերջին հաշվով, իմ հոգեվիճակը՝ օտարություն չզգալս կկարոտեմ, որը վախենամ, թե այդպես չլինի ուրիշ մեծ քաղաքներում:

Զրուցեց ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930